Մատչելիության հղումներ

Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը ռազմական համագործակցության պայմանագիր կստորագրեն


Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները Նախիջևանում բանակցություններին հաջորդած ասուլիսի ժամանակ, 19-ը օգոստոսի, 2014թ․
Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները Նախիջևանում բանակցություններին հաջորդած ասուլիսի ժամանակ, 19-ը օգոստոսի, 2014թ․

Բաքուն չի պատրաստվում այսօր Թբիլիսիում կայանալիք բանակցությունների ընթացքում շրջանցել ղարաբաղյան հակամարտության թեման:

Վրաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան այսօր Թբիլիսիում ռազմական համագործակցության մասին եռակողմ համաձայնագիր կստորագրեն: Այդ մասին երեկ Վրաստանի մայրաքաղաք ժամանելուն պես հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

«Եռակողմ համաձայնագիրը, որ կստորագրվի ապրիլի 2-ին Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև, կհստակեցնի մեր երկրների միջև ծավալված համագործակցության հիմնական ուղիները», - նշել է Հասանովը` հավելելով․ - «Թբիլիսի մեր այցի նպատակը նաև Վրաստանի հետ երկկողմ [ռազմական] համագործակցության հետագա ուղղությունները քննարկելն է: Վրաստանի պաշտպանության նախարարի հետ ես արդեն իսկ հանդիպել էի Նախիջևանում: Այդ հանդիպման ընթացքում մենք նախանշել էինք նաև եռակողմ համագործակցության հիմնական ասպեկտները: Այսօր մեկնարկող իմ այցի շրջանակներում ես պատրաստվում եմ քննարկել նախապես պլանավորված այդ աշխատանքների ընթացքը»:

Ադրբեջանի պաշտպանության նախարարը, սակայն, չի հստակեցրել, թե հատկապես ինչի շուրջ էին համաձայնության եկել երեք երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարները Նախիջևանում կայացած հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք, որ երեք երկրների պաշտպանության նախարարների` Նախիջևանում կայացած գագաթնաժողովը կազմակերպվել էր անցած տարվա օգոստոսին: Նախիջևանյան համաժողովի ընթացքում այն ժամանակ Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Իրակլի Ալասանիան խոստովանել էր, թե եռակողմ ձևաչափով նման հանդիպումներ անցկացնելու գաղափարը հենց վրացական կողմին է պատկանում: «Բայց հատուկ ուզում եմ ընդգծել, որ Թուրքիայի,Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմական ոլորտում ծավալված համագործակցությունը ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ», - Նախիջևանում հայտարարում էր Իրակլի Ալասանիան, որն իր պաշտոնը լքեց օգոստոսյան եռակողմ գագաթնաժողովից երկու ամիս անց` Բիձինա Իվանիշվիլիի հետ ունեցած սուր հակասությունների պատճառով:

Եվ չնայած համագործակցության` երրորդ կողմի դեմ ուղղված չլինելու մասին պնդումներին, Ադրբեջանը այսօրվա բանակցությունների ընթացքում ակնհայտորեն չի պատրաստվում շրջանցել ղարաբաղյան հակամարտության թեման:

«Մենք անպայման խոսելու ենք նաև տարածաշրջանային անվտանգության մասին: Մենք քննարկելու ենք այն հարցը, որ Հայաստանը վտանգ է ներկայացնում իր հարևանների և ողջ տարածաշրջանային անվտանգության համար», - Թբիլիսիում լրագրողների հետ զրույցում ասել է Զաքիր Հասանովը` նշելով, թե ցանկանում է այսօր մեկնարկող բանակցությունների ժամանակ լսել նաև Թուրքիայի ու Վրաստանի ներկայացուցիչների կարծիքն այս մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG