Bild. Մխիթարյանը գերաստղ դառնալու համար ամեն ինչ ունի

Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքականի կազմում

Գերմանական Bild կայքը «Արդյո՞ք Կլոպը դուրս կթողնի իր ձախողված ձեռքբերումներին» վերնագրով հոդվածում անդրադարձել է նաև Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ կայքի, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամը 2013/14 մրցաշրջանից առաջ 27.5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվելով Դորտմունդ՝ արդարացնում էր սպասելիքները, սակայն այժմ դարձել է Կլոպի ամենամեծ խնդիրը:

«Մխիթարյանը [Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում] չի խփել ոչ մի գոլ և կատարել է ընդամենը մեկ գոլային փոխանցում: Թվում է՝ նա չի հաղթահարել լարվածությունը, սակայն ֆուտբոլում գերաստղ դառնալու համար ամեն ինչ ունի», - գրում է գերմանական կայքը։

Bild-ը անդրադարձել է նաև Մխիթարյանի հնարավոր տրանսֆերի մասին խոսակցություններին՝ գրելով. - «Խորհրդատուներն անընդհատ իրավիճակը թեժացնում են՝ լուրեր տարածելով, որ «Միքին» ցանկանում է ամռանը հեռանալ»։

Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուս»-ը։