Մատչելիության հղումներ

Մխիթարյանը ցանկանում է լքել «Բորուսիա»-ն


Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայի առաջնությունում «Բորուսիա»-ի կազմում խփած գոլից հետո, սեպտեմբեր, 2013թ․
Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայի առաջնությունում «Բորուսիա»-ի կազմում խփած գոլից հետո, սեպտեմբեր, 2013թ․

Հայ ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերի մասին լուրերը կապվում են «Յուվենտուս»-ի հետ:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի խաղացող Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է ամռանը լքել գերմանական ակումբը:

Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան, գերմանական Bild կայքի փոխանցմամբ, ասել է․ - «Հենրիխն ուզում է մրցաշրջանի վերջում լքել Դորտմունդը»:

Ռայոլայի խոսքով, 26-ամյա հայ ֆուտբոլիստը հեռանալով Դոնեցկի «Շախտյոր»-ից 2013 թվականին՝ խաղային մեծ աճ է գրանցել Գերմանիայում և դարձել թիմում առաջին մակարդակի կարևորության խաղացող: Չնայած այդ ամենին, Մխիթարյանը երջանիկ չէ Դորտմունդի ակումբի ներկայիս անորոշ վիճակի պատճառով, երբ մի շարք ֆուտբոլային աստղերի ճակատագրեր կասկածի տակ են:

Մինչ այժմ անցկացրած 21 հանդիպումներում Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել երկու անգամ: 2017-ի հունիսին կավարտվի գերմանական ակումբի և հայ ֆուտբոլիստի միջև կնքված պայմանագիրը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Բորուսիա» տեղափոխվել է 27 միլիոն եվրոյով, ինչը ռեկորդային է դորտմունդյան ակումբի համար:

Հարձակողական ոճի կիսապաշտպանի հնարավոր տրանսֆերի մասին լուրերը կապվում են Իտալիայի A սերիայի առաջատար «Յուվենտուս»-ի հետ: Ռայոլան նույնպես փաստել է, որ ինքը դիտարկում է Հենրիխի բոլոր հնարավորությունները:

Ձմեռային տրանսֆերային պատուհանի շրջանակում transfermarkt.de կայքը քննարկեց նաև Մխիթարյանի արժեքը՝ այն նվազել է 5 միլիոն եվրոյով: Սա պայմանավորված է հայ ֆուտբոլիստի ցուցադրած ոչ արդյունավետ խաղով, ինչպես նաև Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում «Բորուսիա»-ի զբաղեցրած դիրքով՝ ակումբը շարունակում է եզրափակել առաջնության մրցաշարային աղյուսակը:

Նշենք, որ թուրինյան ակումբը ձմեռային տրասնֆերի ժամանակ Մխիթարյանի դիմաց պատրաստ էր վճարել 7 միլիոն եվրո, իսկ ռեկորդային գումարով ձեռք բերած ֆուտբոլիստին «Բորուսիա»-ն պատրաստ չէ բաց թողնել: Ակումբի սպորտային տնօրեն Միխայել Ցորկը բացառել էր Հենրիխի տեղափոխությունը ձմեռայի տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG