Շարմազանովը ելույթ է ունեցել Պուտինի հետ ՀԱՊԿ ԽՎ խորհրդի հանդիպմանը

Լուսանկարը՝ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստի շրջանակներում ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Նովո-Օգարյովոյում ի թիվս ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի անդամների ընդունել է նաև Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Շարմազանովը հանդես է եկել ելույթով՝ հայտարարելով, մասնավորապես, որ ՀԱՊԿ-ը իր պատասխանատվության գոտում կայունության և անվտանգության ապահովման համար հանդիսանում է առանցքային գործիք, որն անվտանգության սպառնալիքի առաջացման դեպքում կոչված է ապահովելու հավաքական պաշտպանություն՝ միևնույն ժամանակ նպատակներին հասնելու հարցում առաջնահերթություն տալով քաղաքական, դիվանագիտական միջոցներին:

Էդուարդ Շարմազանովը ափսոսանք է հայտնել, որ տարբեր միջազգային հարթակներում դաշնակիցների համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի առնչությամբ ՀԱՊԿ-ի մի շարք գործընկերների դիրքորոշումը չի համապատասխանում ՀԱՊԿ-ի ոգուն, ինչպես նաև այն փաստաթղթերին, որոնք ընդունվել են կազմակերպության շրջանակներում: Նա հույս է հայտնել, որ անցյալում կմնան այն դեպքերը, երբ որոշ անդամ պետությունների խորհրդարանականները երբեմն չեն պաշտպանել ՀԱՊԿ-ի իրենց դաշնակիցների դիրքորոշումը:

Հայաստանի խորհրդարանի փոխնախագահն անհրաժեշտ է համարել ուշադրության սևեռումը այնպիսի առանցքային հարցերի վրա, ինչպիսին են ՀԱՊԿ-ի և կազմակերպության անդամ պետությունների շահերից բխող հարցերում միասնական դիրքորոշման դրսևորումը, բազմակողմ հարթակներում համագործակցության հարցում դաշնակցային պարտավորությունների առաջնահերթություններից ելնելը, ինչպես նաև ստույգ որոշումների և հասցեական հայտարարությունների ընդունումը, որոնք բխում են ՀԱՊԿ-ի անդամ պետությունների հավաքական հիմքի վրա անվտանգության ապահովման շահերից: