Սուրիկ Խաչատրյանի տիկինը՝ Լորետա Բարսեղյանը, ցուցմունք է տվել որդու մասին

Your browser doesn’t support HTML5

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած Ավետիք Բուդաղյանի սպանությունից հետո նրա գնդապետ եղբոր դեմ հարուցված քրեական գործով այսօր Գորիսի դատարան է ներկայացել Սուրիկ Խաչատրյանի տիկինը՝ Լորետա Բարսեղյանը՝ տուժողի կարգավիճակում:

Գորիսում դատավարությանը հետևող լրագրող Մերի Սողոմոնյանի փոխանցմամբ, դատավոր Նապոլեոն Օհանյանը նիստին ներկա լրագրողներին արգելել է տեսագրել նախկին մարզպետի տիկնոջը, թեև դատական նիստը բաց է և հրապարակային:

Սուրիկ Խաչատրյանի 20-ամյա որդին՝ Տիգրան Խաչատրյանը, այսօր դատարան չի ներկայացել: Նա կալանավորվել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, 43-ամյա գործարար Ավետիք Բուդաղյանի սպանության մեղադրանքով, սակայն իրավապահները որոշում էին կայացրել նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Այժմ Տիգրան Խաչատրյանը այս գործով վկայի կարգավիճակ ունի: Տիգրան Խաչատրյանի մայրը՝ տուժող ճանաչված Լորետա Բարսեղյանը, դատարանին հստակ տեղեկություն չի հայտնել, թե որտեղ է որդին:

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը դատարանի ուշադրությունն է հրավիրել Լորետա Բարսեղյանի գրավոր բացատրությանը: Լորետա Բարսեղյանին հարց է ուղղել դատավորը՝ «չի՞ ասել, Հայաստանի Հանրապետությունից բացակայում է արդյոք, թե՞ ոչ»:

«Նրա անվտանգությունից ելնելով ես չեմ կարող ասել», - պատասխանել է Լորետա Բարսեղյանը:

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը պնդել է Սուրիկ Խաչատրյանի որդուն հարցաքննելու միջնորդությունը: Դատավոր Նապոլեոն Օհանյանը պատասխանել է, թե՝ «ոստիկանության պետին մենք նախազգուշացրել ենք, որ բերման որոշումն ուժի մեջ է»:

Անցյալ տարի նախկին մարզպետի տան մոտ Ավետիք Բուդաղյանի սպանությունից հետո նրա եղբորը՝ գնդապետ Արտակ Բուդաղյանին, մեղադրանք էր առաջադրվել: Նախաքննական մարմինն ապացուցված էր համարել, թե Արտակ Բուդաղյանը, տեղեկանալով, որ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում ծեծել են Ավետիք Բուդաղյանին, և «նպատակ ունենալով վախեցնել Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին, նրանց մոտ առաջացնել տագնապի, սեփական անվտանգության համար անհանգստության զգացում», Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից սպանության սպառնալիքներ է տվել Սուրեն Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին: Իսկ սպանության մեջ մեղադրվող Տիգրան Խաչատրյանը և նախկին մարզպետի թիկնապահը դարձան վկա:

Դատարանն այսօր քննարկել է անցյալ տարվա հունիսի 1-ին վիրավորված նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի օգնական, 39-ամյա Նիկոլայ Աբրահամյանի կարգավիճակը: Տուժող համարվող Լորետա Բարսեղյանի ներկայացուցիչ, փաստաբանների պալատի նախկին անդամ Ռուբեն Սահակյանն անդրադարձել է, իր բառով, այս քրեական գործի «աբսուրդ» իրավիճակին:

«Նիկոլայ Աբրահամյանը այս գործով որպես տուժող չի ճանաչվել», - ասել է նա:

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանն անդրադարձել է քրեական գործում տուժող և մեղադրվող կողմերի փոփոխությանը․ - «Բայց այդ աբսուրդը, որ այսօր ունենք, ուղղակի հետևանք է այն աբսուրդին, որը տեղի է ունեցել նախաքննության ընթացքում: Երբ մարդիկ կային, որոնք քրեական գործով անցնում էին որպես մեղադրյալ, հանկարծ ազատվեցին քրեական պատասխանատվությունից, իսկ մարդը, որը քրեական գործով պիտի լիներ տուժող, հանկարծ դարձավ մեղադրյալ, հետո էլ ամբաստանյալ»:

Դատարանն այսօր հետազոտել է գործին կցված տեսանյութերը: Հաջորդ դատական նիստին՝ հոկտեմբերի 2-ին, նախատեսվում է հետազոտել ձայնագրություն, որտեղ Սուրիկ Խաչատրյանի կինը՝ Լորետա Բարսեղյանն, ըստ արձանագրության, որդուն հանդիմանում է սպանության համար: