Մատչելիության հղումներ

Վարչական դատարանը վճիռ է կայացրել հօգուտ Մարտի 1-ին սպանվածի ընտանիքի


Վարչական դատարանը վճիռ է կայացրել հօգուտ Մարտի 1-ին սպանվածի ընտանիքի
please wait

No media source currently available

0:00 0:04:12 0:00

Վարչական դատարանը վճիռ է կայացրել հօգուտ մարտիմեկյան իրադարձություններում զոհված Տիգրան Խաչատրյանի իրավահաջորդների։ Դատարանն անհիմն է համարել նրանց դեմ հարկային ծառայության, տվյալ դեպքում՝ Ֆինանսների նախարարության հայցն ու մերժել է այն՝ զոհվածի ընտանիքին ազատելով մոտ 2 հազար դոլարի հավելյալ հարկային պարտավորություններից։

Բանն այն է, որ Տիգրան Խաչատրյանը 2005 թվականից մինչև զոհվելը՝ 2008-ի մարտի մեկը, փոքր տաքսի ծառայություն է ունեցել։ Երիտասարդի մահից հետո վշտի մեջ հայտնված ընտանիքը չի կարողացել շարունակել բիզնեսը և 2009-ին լուծարել է ծառայությունը։

Սակայն, ինչպես «Ազատության» հետ զրույցում պատմեց մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, Տիգրանի մահից հետո մինչև ծառայության լուծարումը հսկայական պարտքեր են կուտակվել անգործության մատնված ծառայության վրա: Ավելին՝ հարկային մարմինները, հաշվի չառնելով իրենց ողբերգությունը, ստուգումներ են սկսել ու տույժեր սահմանել՝ ընտանիքին ներքաշելով դատական քաշքշուկների մեջ։

Դատարանում զոհվածի իրավահաջորդների ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը «Ազատությանը» պատմեց, որ 6 տարի պահանջվեց այդ վեճերը մասամբ ավարտին հասցնելու համար։ Եվ ահա վերջերս պարզ է դարձել, որ Ֆինանսների նախարարությունը փորձում է երկրորդ անգամ բռնագանձել արդեն վճարված տույժերից մեկը՝ 800 հազար դրամի հասնող գումար, ինչը հաջողվել է կանխել դատարանի միջոցով:

«Սա չարյաց փոքրագույնն էր, որ դատարանը գոնե թույլ չտվեց վճարված գումարները ևս մեկ անգամ վճարել», - նշեց Խաչատրյանը: - «Որքան էլ սկզբում թերահավատ էինք, որ այդ որոշումը կկայացվի, այնուամենայնիվ դատարանն իր մեջ խիզախություն գտավ հարկային մարմինների ոչ իրավաչափ գործողություններին արձանագրել դատական ակտով»։

Արձանագրելով, որ սա աննախադեպ է, երբ որևէ դատարան Մարտի 1-ին սպանվածի ընտանիքի օգտին վճիռ է կայացնում՝ փաստաբանը, այնուհանդերձ, սա համարում է լոկ վարչական դատարանի դատավորի բարեխղճության հետևանք և որևէ քաղաքական ենթատեքստ այստեղ չի տեսնում։

Խաչատրյանը վկայակոչեց նույն տաքսի ծառայությանն առնչվող մեկ այլ դրվագ, երբ մեքենաներից երկուսի գնորդները «փախել են առանց Տիգրան Խաչատրյանի ընտանիքին մեքենաների գումարը վճարելու», սակայն ոստիկանությունը հրաժարվել էր քրեական գործ հարուցել և գնորդներին քրեական պատասխանատվության ենթարկել խարդախության և այլ մեղադրանքներով։

Ուստի և՛ փաստաբանը, և՛ զոհվածի մայրը համոզված են, որ չնայած վարչական դատարանում իրենց ունեցած «փոքր հաջողությանը»՝ իրավապահ և քննչական մարմինները շարունակում են Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին հետապնդելու և մերժողական վերաբերմունքի իրենց քաղաքականությունը:

«Սա հաշվեհարդար է. ես տեսնում եմ 100 դոլարի համար կնոջը, որը 100 դոլար է գողացել իր երեխուն տաքացնելու համար, դատում են, իսկ մեզ մոտ 5 հազար դոլարի վնաս են տվել, մեքենաներն ուրիշի տիրապետության տակ, պարտքերը մենք ենք մուծում, գույքահարկը մեր վրա է գալիս, ոչ մի հանցակազմ չեն տեսնում», - տարակուսած էր Ալլա Հովհաննիսյանը, - «Ինձ հետաքրքիր է՝ ո՞նց կբացատրեն այդ փաստը ոստիկանությունը կամ դատախազությունը»։

Ալլա Հովհաննիսյանը պատմեց, որ Մարտի 1-ից հետո հարկային մարմինների թիրախում հայտնված իրենց ընտանիքը զրկվել է ֆինանսական կարողություններից և հազարավոր դոլարների վնաս կրել, դրան գումարած՝ որդու մահից քառասուն օր անց ինքը զրկվել է աշխատանքից. Մյասնիկյանի արձանի մոտ բողոքի ցույցին մասնակցելուց հետո դադարեցվել են դպրոցի տնօրենի պաշտոնում իր լիազորությունները։ Այս ընտանիքը Մարտի 1-ի զոհերի ընտանիքներից միակն էր, որ ունեցել է բիզնես և եղել է ֆինանսապես համեմատաբար ապահով վիճակում։

«Պետական մարմինների աշխատողները Մարտի 1-ի զոհերին վերաբերվում էին որպես թշնամիների։ Մարտի 1-ի քրեական գործով էլ է անընդհատ այդ գիծը գնում, կարծես թե ձևավորված էր այն ստերեոտիպը, որ նրանք իշխանության թշնամիներ են։ Ու կարծում եմ, որ այդ վերաբերմունքը հենց բխել է այդ տրամաբանությունից», - ասաց Արմեն Խաչատրյանը։

Եվրադատարանում Տիգրան Խաչատրյանի սպանության գործով բողոքի քննության փուլում ընտանիքը մտադիր է ներկայացնել նաև հարկային մարմինների կողմից իրենց նկատմամբ ճնշումների մասին վկայող տեղեկություններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG