Անցած հուլիսին Մոսկվայում կալանավորված հայ գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի փաստաբան Սամվել Կարախանյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ իր պաշտպանյալին տեղափոխել են հիվանդանոց:
Կարախանյանի խոսքով՝ այս պահին Հայրապետյանի «առողջական վիճակն անկայուն է, բարձր ջերմություն ու արյան ճնշում ունի»:
Բժիշկները փորձում են կայունացնել նրա վիճակը, ու երբ դա նրանց հաջողվի, Հայրապետյանին կվերադարձնեն կալանավայր՝ «Մատրոսսկայա տիշինա»:
Սեպտեմբերի 15-ին լրանում է Հայրապետյանի երկամսյա կալանքի ժամկետը, և դատարանը պետք է կրկին քննի նրա նկատմամբ խափանման միջոցի հարցը: Կարախանյանը չցանկացավ կանխատեսումներ անել, սակայն հույս հայտնեց, որ իրենք կհասնեն հաջողության, և Հայրապետյանին ազատ կարձակեն:
Հայրապետյանը, հիշեցնենք, կասկածվում է 2008 թվականին «Բաշնեֆտ» ընկերության վաճառքի ժամանակ ֆինանսական խարդախություն անելու մեջ, հուլիսի 24-ին Ռուսաստանի քննչական կոմիտեն փողերի յուրացման և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու մեղադրանք է առաջադրել նրան:
Լևոն Հայրապետյանն իրեն մեղավոր չի ճանաչում: