Մատչելիության հղումներ

Դատարանն անփոփոխ է թողել Հայրապետյանի կալանքի որոշումը


Գործարար Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
please wait

No media source currently available

0:00 0:03:51 0:00

Գործարարի առողջական վիճակը կտրուկ վատացել է:

Ուրբաթ օրը Մոսկվայի քաղաքային դատարանում Լևոն Հայրապետյանի կալանավորման որոշումը անփոփոխ թողնելու մասին դատարանի կայացրած որոշումից հետո գործարարի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Հայրապետյանի պաշտպանության շտաբի անդամ Արմինե Սիմոնյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Հայրապետյանի փաստաբանների փոխանցմամբ, դատավորի որոշումը ազդել է գործարարի առողջական վիճակի վրա. նա շարունակում է մնալ խցում, մինչդեռ ստացիոնար բուժման կարիք ունի։

Հայրապետյանի մոտ ընկեր Գարիկ Պողոսյանը, ով այժմ Մոսկվայում է, «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց, որ առաջիկա օրերին իրենք փաստաբանների միջնորդությամբ ցանկանում են լուծել Հայրապետյանին լիակատար բուժզննության ենթարկելու հարցը. հետազոտության արդյունքերից հետո արդեն հնարավոր կլինի գործարարի համար ստացիոնար բուժում կազմակերպել։

«Իրեն ստացիոնար բուժօգնություն է պետք, բայց, ինչու չեն անում՝ չեմ հասկանում։ Ինքը նոր հիվանդ չի, տասը տարուց ավել է բուժվում է. սրտի երկու ստենտավորում ունի, քաղցկեղ, շաքարախտ ունի՝ հիվանդությունների մի ամբողջ փունջ ունի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պողոսյանը։

Լևոն Հայրապետյանի կալանավորված մնալու ժամկետը լրանում է սեպտեմբերի 15-ին։ Գործարարի ընկերն ասաց՝ ամեն ինչ անելու է, որ բուժումը կազմակերպվի մինչև սեպտեմբերի 15-ը։

«Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյան»-ի շտաբից «Ազատությանը» ասացին, որ վստահ էին, թե դատարանի որոշմամբ Լևոն Հայրապետյանը ազատ կարձակվի, քանի որ Ռուսաստանի օրենսդրությունը որոշակի հիվանդություններ ունեցող մարդկանց արգելում է կալանքի տակ պահել։

Շտաբից նաև փոխանցեցին, որ Հայրապետյանի փաստաբանները համապատասխան ապացույցներ էին ներկայացրել դատարան, բայց դրանք ոչ մի ազդեցություն չունեցան դատավորի որոշման վրա։

Դատական վերջին նիստը ապշեցրել էր նաև Հայրապետյանի փաստաբան, Մոսկվայի փաստաբանների պալատի նախագահ Գենրի Ռեզնիկին։ Վերջինիս խոսքով՝ նիստի ընթացքում անհեթեթ վիճակ է ստեղծվել։

«Ես մեղադրողին խնդրեցի Հայարապետյանի մեղավորությունը ապացուցող գեթ մեկ փաստ նշել, նրանք դա չարեցին։ Լևոն Հայրապետյանի կալանավորված լինելը ես միայն մեկ համգամանքով կարող եմ բացատրել՝ այս գործով շատ ազդեցիկ պատվեր է եղել, նրան կալանավորված պահելու այլ պատճառ ես այստեղ չեմ տեսնում», - հայտարարեց Մոսկվայի փաստաբանների պալատի նախագահը։

Հայրապետյանի պաշտպանության շտաբում նույնպես վստահ են, որ սա հստակ պատվեր է, մինչդեռ՝ ում կողմից, չի կարողանում հասկանալ անգամ հենց ինքը՝ գործարարը։

Շտաբի անդամ Թագուհի Ասլանյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրենք պայքարը շարունակելու են, արդեն դիմել են Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ինչպես նաև Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին: Վերջինս հարցը ուսումնասիրելու խնդրանքով՝ դիմել է Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկուն։ Մարդու իրավունքների պաշտպանը նույնպես զբաղվում է այս հարցով։

«Կդիմեն Ռուսաստանի համապատասխան գերատեսչություններ․ հոգևոր առաջնորդը՝ հոգևոր առաջնորդին, Ազգային ժողովը՝ Պետական դումա և այլն, և այլն, Կառավարության շրջանակներ և այլն, համապատասխան միջնորդությամբ և երաշխավորությամբ, որ այդ մարդը պատահական մարդ չէ՝ իր արածները, ով է, ինչով է նպաստել հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը և այլն, ռուսական տնտեսության զարգացմանը։ Մենք երաշխավոր ենք, որ այդ մարդը, մեր երաշխավորությամբ, երբ որ դուք իրեն ազատ արձակեք, ինքը չի փախչի, չի կորչի և որևէ կերպ չի փորձի ազդել քննչական ընթացքի վրա», - ասաց Թագուհի Ասլանյանը։

Շտաբի անդամները առաջիկայում ակնկալում են նաև Ազգային ժողովի խմբակցությունների աջակցությունը։ Նրանց փոխանցմամբ՝ նախնական համաձայնություններ արդեն ձեռք են բերվել։

Այժմ ինչպես Հայրապետյանի փաստաբանը, այնպես էլ նրա պաշտպանության շտաբի անդամները աշխատանքներ են տանում որպեսզի սեպտեմբերի 15-ին՝ կալանավորման որոշման ավարտից հետո Լևոն Հայրապետյանին ազատ արձակեն և նա կարողանա ստացիոնար բուժում ստանալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG