Պուտինն ու Ալիևը քննարկել են Լեռնային Ղարաբաղի խնդիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Ռուսաստանի հետ քննարկել են նաև Ղարաբաղի հակամարտությունը:

Ադրբեջանի ղեկավարը հավելել է, որ «հակամարտությունը արդեն շատ է ձգձգվել և այն հարկավոր է լուծել»:

Իլհամ Ալիևը նաև ասել է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները դինամիկ զարգանում են և այսօր Ռուսաստանի Ադրբեջանի հիմնական գործընկերներից է միջազգային ասպարեզում:

Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, այսօր Սոչիում տեղի կունենա նաև Պուտին – Սարգսյան երկկողմ հանդիպումը:

«Սարգսյանի հետ հանդիպմանը մտքեր կփոխանակվեն երկու երկրների միջև քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ», - ասել են Կրեմլում․ - «Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին»:

Այսօր հայտնի է դարձել, որ վաղը Սոչիում կկայանա նաև եռակողմ հանդիպում: Այս մասին նախ հայտնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը Թվիթեր միկրոբլոգային ցանցի իր էջում: Հայկական կողմը հաստատել է այս տեղեկատվությունը: «Վաղը այստեղ` Սոչիում կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որտեղ ըստ էության նախևառաջ նախագահ Ալիևը պետք է բացատրի վերջին շրջանում Ադրբեջանի կողմից նախաձեռնած ռազմական արկածախնդրության և իր այլատյաց հռետորաբանության իմաստը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի օգնական Նարեկ Նիկողոսյանը:

Հետաքրքիր է, որ Մամեդովը նաև գրել է, որ նախագահների եռակողմ հանդիպման ընթացքում առաջընթացը կախված կլինի Հայաստանի նախագահի «կառուցողական դիրքորոշումից»:

Մինչդեռ հայկական կողմը եռակողմ հանդիպման համար որևէ նախապայման չէր առաջադրել: Ավելին՝ Հայաստանի նախագահը երեկ տարածած հաղորդագրությունում ընդամենը պատրաստակամություն էր հայտնվել եռակողմ ձևաչափով հանդիպում անցկացնել՝ քննարկելու համար ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրը:

Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի պաշտոնավարման տարիներին Մոսկվա գրեթե միանձնյա ստանձնել էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաքելությունը: Մեդվեդևի միջնորդությամբ Սարգսյանն ու Ալիևը միայն 2009 թվականին հանդիպել են 6 անգամ, սակայն անարդյունք: Ռուսաստանի նախագահի պաշտոնում Պուտինի վերընտրվելուց հետո, սակայն, ղարաբաղյան հիմնախնդիր կարգավորումը կարծես դուրս է մնացել Կրեմլի օրակարգից: Այս առումով, Սոչիում կայանալիք հանդիպումները, փորձագետների կարծիքով, չափազանց կարևոր են: Վերջին շրջանում հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության աննախադեպ աճ է արձանագրվել, հակամարտող կողմերը մոտ են պատերազմը վերսկսելուն:

Ալիևն ու Սարգսյանը վերջին անգամ հանդիպել են 2013-ի հունվարին՝ Վիեննայում, և եթե նրանք վերսկսեն բանակցությունները, Պուտինի համար սա կարևոր դիվանագիտական հաղթանակ կլինի: