ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն չեն բացառում իշխող կոալիցիային անդամակցելը

Your browser doesn’t support HTML5

Որո՞նք են լինելու քառյակի հետագա անելիքները

ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չի բացառում, որ Դաշնակցությունը դառնա իշխող կոալիցիայի անդամ, բայց` պայմանով. - «Եթե ամբողջ մեր մոտեցումներն ընդունվում են, մեր 7 կետերից բխած քաղաքականությունը որդեգրվում է: Դրան համապատասխան վերահսկման հնարավորությունները առաջանում է… Եթե այդ ամեն ինչը երաշխավորվում է, ինչո՞ւ ոչ: Մենք ամեն տեղ էլ պատրաստ ենք մտնել և ստանձնել այդ պարտավորությունը»:

Դաշնակցությունը, հիշեցնենք, 2012-ին ներկայացրել էր 7 կետանոց օրակարգ, որում կարևորել էր անցումը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի և կառավարման խորհրդարանական համակարգի, ընդդիմությանը վերահսկողության լծակների տրամադրումը, բիզնեսի և քաղաքականության հստակ տարանջատումը, դատական իշխանության լիարժեք անկախությունը, արտաքին քաղաքականության մասով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքումը, հայ-թուրքական արձանագրություններից Հայաստանի ստորագրությունը հետ կանչելը:

Նախորդ նախագահական ընտրություններից առաջ ՀՅԴ-ն նույնիսկ հայտարարել էր` եթե Սերժ Սարգսյանն ընդունի կուսակցության առաջարկները, կսատարեն նրա թեկնածությունը: Այդ ժամանակ Սարգսյանը չընդունեց նրանց առաջարկությունները:

Նոր կառավարության ձևավորման փուլում Դաշնակցությունը հիշեցնում է իշխանությանը մաս կազմելու իր պատրաստակամության մասին: «Որովհետև անհասկանալի կլինի: Եթե դու ասում ես` այս ծրագիրը ճիշտ է, և ասում են` արի այս ծրագիրն իրականացնենք, դու եթե մերժում եմ, ուրեմն դրանից երկու եզրակացություն. կա'մ ներկայացրած ծրագիրդ է թերի, սխալ, կա'մ դու ինքդ այդ պրոֆեսիոնալ մակարդակը չունես, որ քո իսկ ասածն իրականացնես»:

«Բարգավաճ Հայաստան»-ը նույնպես չի բացառում նոր կառավարության մաս դառնալը: Վարչապետի պաշտոնում ամենաքննարկվող թեկնածուն կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանն է:

Հարցին, թե հնարավոր է ԲՀԿ-ն դառնա իշխող կոալիցիայի անդամ, կուսակցության ղեկավար անդամ, ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը պատասխանեց. - «Այս պահի դրությամբ ես չեմ կարող այդ հարցին դրական արձագանքեմ: Այս պահի դրությամբ դա չի երևում: Այս պահը ես նկատի ունեմ այսօր»:

Նրա փոխանցմամբ` վարչապետ նշանակելու հարցով նախագահը քաղաքական ուժերի հետ դեռևս չի խորհրդակցել: Ուստի Մելքումյանը չշտապեց խոսել նոր վարչապետի մասին:

Հովիկ Աբրահամյանին, այդուհանդերձ, որակեց որպես «ճանապարհ անցած անձնավորություն». - «Ինքը որպես և' ճանապարհ անցած անձնավորություն, և' Ազգային ժողովի նախագահի կարգավիճակում դրական կարող եմ բնութագրել: Բայց եկեք սպասենք, եկեք չշտապենք»:

ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի համար կառավարության ոչ միայն կազմի փոփոխությունն է կարևոր, այլև ծրագրի: Կառավարությունը, մասնագիտությամբ տնտեսագետ Միքայել Մելքումյանի կարծիքով, պետք է հաշվի առնի անցյալի տխուր փորձը, ցանկալի է` իրենց առաջարկած դրույթներով:

Ոչ իշխանական չորս ուժերը, որոնք պատրաստվում էին անվստահություն հայտնել կառավարությանը, նաև սոցիալ-տնտեսական համապարփակ ծրագիր են մշակել, որի շնորհանդեսը, չնայած կառավարության ղեկավարի անակնկալ հեռացմանը, կկայանա գալիք շաբաթ օրը: Միքայել Մելքումյանի փոխանցմամբ` ծրագիրը վերնագրված է «Նոր տնտեսական քաղաքականություն». - «Մենք կարծում ենք, որ անպայման պետք է լինի կուրսի փոփոխություն: Եվ մեր ծրագրային մոտեցումները եթե ընդունելի լինեն ապագա կառավարության համար, և ինքը վերցնի այդ դրույթները, ապա, կարծում եմ, որ այստեղ շատ բան իրեն զգացնել կտա: Բայց միևնույն է` քառյակը իր գործունեությունը շարունակելու է, քառյակը հետևելու է գործընթացների զարգացմանը»:

Մելքումյանը տեղյակ չէր, թե արդյոք իր կուսակցությունը բանակցում է ՀՀԿ-ի հետ կոալիցիա ձևավորելու հարցով:

Քառյակի մյուս երկու կուսակցությունները` ՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ը, աչքի են ընկնում ավելի արմատական պահանջներով: Ի տարբերություն ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի, ամբողջական իշխանափոխության հարց են դնում:

ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը մարտիմեկյան հանրահավաքում հարկ էր համարել հայտարարել, որ Կոնգրեսը ոչ մի պարագայում մտադիր չէ մաս կազմել Սերժ Սարգսյանի ձևավորած որևէ կառավարության` անկախ այն բանից, թե ինչպիսի պաշտոններ կառաջարկվեն:

Այսօր տարածած հայտարարության մեջ «Ժառանգություն» կուսակցությունը քառյակի համագործակցության անհրաժեշտ պայման է համարել ընդդիմադիր ներխորհրդարանական համագործակցության ձևաչափը միջկուսակցական միասնական ճակատի վերափոխումը:

«Այդ իսկ պատճառով, գտնում ենք, որ այժմ առաջնային է դարձել չորս քաղաքական ուժերի օրկարգում մինչ օրս տեղ գտած, սակայն ինչ-ինչ պատճառներով չիրականացված կուսակցությունների ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում առաջին դեմքերի մակարդակով պայմանավորվածություն ձեռք կբերվի հետագա քայլերի մարտավարության և համատեղ պայքարի ռազմավարության վերաբերյալ», - ասված է «Ժառանգության» հայտարարությունում: