Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյան. «Պարտավոր ենք ապրիլին ազատվել այս իշխանություններից»


«Մենք պարտավոր ենք ապրիլին ազատվել իշխանություններից»
please wait

No media source currently available

0:00 0:05:10 0:00
«Այս իշխանությունը վերից վար պետք է փոխվի», - այսօր Ազատություն հրապարակում հրավիրված հավաքում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և նշեց կոնկրետ ժամկետ՝ ապրիլ ամիսը։

Նա քաղաքական ուժերին ու քաղաքացիական հասարակությանը կոչ արեց միավորվել այս շաբաթների ընթացքում՝ հայտարարելով, որ ով այս մեկ ամսում քայլ չարեց, ուրեմն դասալիք է։
Խիստ քննադատության ենթարկելով իշխանություններին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանի երեկվա քվեարկության համար՝ Րաֆֆի Հովհաննիսյանը համոզմունք հայտնեց, որ այսօրվա հրամայականը Հայաստանի ինքնիշխանության կորստի վտանգն է:

«Միավորված ազգերի կազմակերպությունունում, որտեղ ծածանվում է նաև մեր ազգային դրոշը, կատարվեց քվեարկություն, և բոլորս գիտենք, թե մեր երկրի անընտիր, կեղծընտիր իշխանությունները ինչպես քվեարկեցին։ Անգամ Չինաստանի, Ղազախստանի նման իրենց խոստման համաձայն չկարողացան ձեռնպահ քվեարկել և ՀԱՊԿ այլ անդամների նման թեկուզ չմասնակցել քվեարկության», - հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը՝ մտավախություն հայտնելով, որ եթե այսպես շարունակվի, Հայաստանը կմոռանա նաև Ցեղասպանության ճանաչման մասին. - «Այս իշխանության օրոք կարող ենք մոռանալ Ցեղասպանության ճանաչման և հատուցման մասին: Այս իշխանության օրոք՝ ապօրինի, կարող ենք մոռանալ Արցախի ինքնիշխանության ճանաչման և տարածքային ամբողջականության մասին, կարող ենք մոռանալ Հայաստանի Հանրապետության անկախության, մարդու իրավունքների, ազատ ընտրությունների և ազգային շահերի մասին»։

Ճիշտ է, «Ժառանգություն» կուսակցության այսօրվա հավաքը կազմակերպվել էր Սահմանադրական դատարանում կուտակային կենսաթոշակային համակարգի հարցով սկսված քննության առիթով, բայց «Դեմ եմ» շարժումից ոչ ոք ներկա չէր, ինչպես և երիտասարդները երեկ հայտարարել էին։ Ներկա չէին նաև խորհրդարանական ոչ իշխանական գործընկերները։ Հավաքին մասնակցում էին Հայ ազգային կոնգրեսից հեռացած մի քանի կուսակցությունների առաջնորդներ։ Կուտակայինի շուրջ ելույթները քիչ էին: Ե՛վ «Ժառանգության» ներկայացուցիչների, և՛ մյուսների ելույթների առանցքում ՄԱԿ-ում երեկվա քվեարկության քննադատությունն ու իշխանափոխության պահանջն էր։

«Երեկ փաստորեն Հայաստանը դարձավ մեկը աշխարհի 11 «իզգոյ» պետություններից։ Պետություններ, որոնց հետ որևէ մեկը չի ուզում որևէ կապ ունենալ», - հայտարարեց ՀՀՇ առաջնորդ Արարատ Զուրաբյանը․ - «Պատկերացրեք, Հայաստանը փորձում են դարձնել Հյուսիսային Կորեա, և եթե սա է մեր հայկական երազանքը, եթե սա են ուզում մեր իշխանությունները, ուրեմն այս իշխանություններից պետք է իրոք ամեն ինչ անել, օր առաջ ազատվել։ Այս մարդկանց համար Հայաստանը մի աֆրիկական երկիր է, որտեղից կարելի է գնալ ադամանդ ու ոսկի քաղել, որտեղ կարելի է գնալ առյուծի որս անել։ Թող թողնեն գնան իրենց աֆրիկաներում ապրեն, մեզ հանգիստ թողնեն, եթե չէ՝ մենք ստիպված ենք լինելու հավաքվել ու քշել սրանց»։

Զուրաբյանը նաև ակնարկներ ուղղեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմը՝ հայտարարելով, որ որոշ ընդդիմադիրների բերանից կորել է ընդդիմություն բառը. - «Ինչ-որ նոր բառ է ի հայտ եկել՝ «ոչ իշխանական ուժեր», չկա նման բան, ով որ իրեն ընդդիմություն չի պատկերացնում, ոչ իշխանական ուժ է պատկերացնում, թող չփորձի խաբել այս ժողովրդին։ Ուրեմն իմացեք մի բան՝ միայն ընդդիմությունը կարող է վեր կենալ և պայքարել իշխանությունների դեմ»,- հայտարարեց նա։

Րաֆֆի Հովհաննիսյանն այս առիթով ընդգծեց. - «Մենք պարտավոր ենք ապրիլ ամսին համատեղ ուժերով, անկախ ածականներից, գործով ազատվել այս իշխանություններից վերից վար՝ թե՛ հրապարակում, թե՛ խորհրդարանում, և, կարծում եմ, այդ համատեղ աշխատանքը, որ պիտի տանենք այս մի քանի շաբաթների ընթացքում կբերի այդ արդյունքին»:

Այսօրվա հավաքը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդն անվանել էր ոչ թե հանրահավաք, այլ «նախահավաք»՝ ընդգծելով, որ հանրահավաք կլինի, եթե քաղաքական ուժերն ու քաղաքացիական հասարակությունը համախմբվեն Ազատության հրապարակում. - «Սա նախահավաք է, սա վերջնահավաք չէ. ամոթ մեզ բոլորիս, եթե ժողովրդին հուսախաբ անենք միասնական հրապարակ չբերելով»։

Ազատության հրապարակում հաջորդ հավաքը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը հրավիրեց ապրիլի 9-ին: Մինչ այդ ապրիլի 4-ին նա հավաքներ կանցկացնի Վանաձորում ու Գյումրիում։ Նա կոչ արեց քաղաքական և քաղաքացիական բոլոր ուժերին «կերտել միացյալ հրապարակ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG