Պուտինի այցի օրը բերման ենթարկվածները հակընդդեմ հայցեր կներկայացնեն

Հայաստան -- Հարյուրավոր քաղաքացիներ բողոքի երթ են անցկացնում Երևանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցի կապակցությամբ, 2-ը դեկտեմբերի, 2013թ.

Ոստիկանությունը դիմել է դատարան` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցի կապակցությամբ Երևանում անցկացված բողոքի ակցիաներին մասնակցած մի շարք քաղաքացիների 50 հազարական դրամով տուգանելու հայցով:

Հիշեցնենք` դեկտեմբերի 2-ին 110 քաղաքացի բերման էր ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ։

«Ազատության» հետ զրույցում այս օրը բերման ենթարկվածներից Մաքսիմն ու Միհրանը ասում էին, թե իրենց համար մինչ օրս հանելուկ է մնում, թե ինչն էր իրենց բերման ենթարկելու պատճառը: Նրանց խոսքով իրենց բերման ենթարկեցին առանց որևէ պատճառաբանության, արդեն ոստիկանական բաժանմունքում այն հարցերին, թե ինչո՞ւ են իրենց բերման ենթարկել, ոստիկանությունում պատասխան չէին տվել: Այժմ ակտիվիստներին ուղղված ծանուցման մեջ նշվում է, որ նրանք խախտել են խաղաղ հավաք անցկացնելու կարգը։ Ակտիվիստների համար սա անհասկանալի մեղադրանք է:

«Կանգնած ենք եղել Սախարովի կիսանդրուն կից պատվանդանի վրա, պաստառներով: [Ոստիկանները] Ոչ մի բան չեն ասել, մոտեցել, միանգամից մեզ տարել են», - պատմում են ակտիվիստները, - «Ուղարկված հայցադիմումի մեջ նշված է, որ այդ կանգնելու համար են մեզ տարել, նաև երթևեկելի մասը փակելու համար են տարել»:

Մաքսիմի խոսքով կա նաև տեսագրություն, որտեղ երևում է թե ինչպես են իրենց բերման ենթարկում։

Դեկտեմբերի 2-ին բերման ենթարկվածների թվում էր նաև ցույցի և երթի կազմակերպիչներից Հրայր Մանուկյանը։ Նրան բերման են ենթարկել Բաղրամյան-Դեմիրճյան փողոցում: Այդ ժամանակ Մանուկյանը պարզապես երկու ընկերների հետ քայլելիս է եղել։ Ակտիվիստների պնդմամբ ակնհայտ է, որ ոստիկանությունը իրենց տուգանելու անհրաժեշտ հիմքեր չունի: Առաջիկա օրերին նրանք պատրաստվում են ոստիկանության` իրենց բնորոշմամբ ապօրինի գործողությունների դեմ հայց ներկայացնել դատարան։

Մանուկյանի խոսքով առաջիկայում իրենք միասնական են գործելու, սպասելու են, որպեսզի դատարանը հայցերը ընդունի քննության, ինչից հետո էլ տասնյակ հակընդդեմ հայցեր կներկայացնեն։