Երիտասարդ ակտիվիստները կոչ են անում վճարել հին սակագնով

Your browser doesn’t support HTML5

Այսօր վաղ առավոտից տասնյակ երիտասարդ քաղաքացիական ակտիվիստներ շրջում էին մայրաքաղաքի կանգառներով՝ կոչ անելով ուղևորներին չվճարել նոր՝ 150 դրամ սակագինը:

«Տրանսպորտից օգտվելիս վճարեք ընդամենը 100 դրամ: Քաղաքապետարանը ստիպված կլինի իր այդ ապօրինի որոշումը հետ ընդունելու», - բարձրախոսով կանգառներում երևանցիների էին դիմում ակտիվիստները:

Օրվա երկրորդ կեսին երիտասարդները հավաքվել էին ոստիկանության Կենտրոնականի բաժնի առջեւ և պահանջում էին ազատ արձակել իրենց ընկերներին, որոնց իրավապահները պարբերաբար բաժին էին տանում ու մոտ մեկ ժամ պահելուց հետո ազատ արձակում:

Երևանի մի շարք կանգառներում երիտասարդները փակցրել էին թռուցիկներ՝ «Վճարում ենք 100 դրամ, չենք հարստացնում օլիգարխներին»: Մի քանի փողոցներում նույնիսկ ավոտոբուսների կայանման վայրում՝ գետնին էին մեծ տառերով գրել՝ 100 դրամ:

Իսկ երթուղայինների ու ավտոբոսների վարորդներն այսօր մեքենաների դիմապակուն նոր սակագինն էին փակցրել:

Երիտասարդները այսօր նաեւ փորձել էին օրինակ ծառայել՝ երթուղայինից իջնելիս վճարելով 100 դրամ․

«Վճարեցի հարյուր դրամ և բոլորին ասացի՝ վճարեք 100 դրամ: Բոլորը աղմուկ բարձրացրեցին, ասացին՝ այո, պետք է վճարել 100 դրամ: Վարորդը միացավ մեզ և ասաց՝ ես էլ կգնամ իրենց կասեմ, որ ոչ ոք 150 դրամ չի վճարում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ակտիվիստներից մեկը:

Այդուհանդերձ այս ակցիան ուղևորների շրջանում մեծ ոգևորություն չէր առաջացրել, կանգառներում տրանսպորտի սպասող երևանցիները, թեեւ խիստ դժգոհ էին քաղաքային իշխանություների այս որոշումից, բայց ասում էին, որ ստիպված վճարելու են 150 դրամ:

46 համարի ավտոբուսի վարորդին այսօր հանդիպել էին ուղևորներ, ովքեր 100 դրամ էին վճարել: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վարորդն ասաց, որ չի էլ փորձել առարկել․ - «Եթե լինի՝ կվճարեն, եթե չկա՝ որտեղի՞ց վճարեն»:

Վարորդներն իրենք էլ դժգոհ են թանկացումից, քանի որ այսօրվանից ավելացել է նաև գիծը տնօրինողներին վճարվելիք օրական պլանը: