Գալուստ Սահակյան. «Սերժ Սարգսյանին արդեն ժողովուրդը երդվել տվել է»

Your browser doesn’t support HTML5

Ազգային ժողովում Հանրապետական խմբակցության ղեկավար, կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանի խոսքով, Սերժ Սարգսյանը ու նրա թիմը երբեք չեն անցնի յուրայինների դիակների վրայով:

«Մեռնել՝ դա նշանակում է հիասթափություն, անկարողություն, այնպես որ չեմ գնահատում Րաֆֆի Հովհաննիսյանի այդ դարձվածը», – այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Գալուստ Սահակյանը այդպես արձագանքեց այն հարցին, թե ինչ են պատրաստվում անել հանրապետականները «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` երեկ Ազատության հրապարակում արված հայտարարությունից հետո:

Հարցին, թե Րաֆֆի Հովհաննիսյանին յուրայի՞ն են համարում, Գալուստ Սահակյանը պատասխանեց՝ «հայերի մեջ բոլորը յուրային են»։

Հիշեցնենք, կիրակի օրը հրավիրված հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց. – «Եթե ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը կեղծ երդում տա սուրբ Աստվածաշնչի վրա, եթե Վեհափառ հայրապետը պղծի Աստվածաշունչը, օրհնելով ժողովրդին հակասող, հալածող, ծաղրող, խեղող թեկնածուին, դա իրենք կանեն իմ դիակի վրայով»:

Հովհաննիսյանն այնուհետեւ հավելեց, թե քանի դեռ Սերժ Սարգսյանն ինքնաբացարկ չի հայտարարել, ինքը մնալու է Ազատության հրապարակում եւ հաց չի ուտելու։

Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը, մինչդեռ, այսօր հայտարարեց. – «Սերժ Սարգսյանին արդեն ժողովուրդը երդվել տվել է։ Մնում է ցերեմոնիկ իրավիճակը, որը կարձանագրի արդեն ինչպես որ Սահմանադրությունն է պահանջում»։