Մատչելիության հղումներ

Հովհաննիսյան. «Սուտը եւ կեղծիքը շարունակվում է նստավայրից»


Րաֆֆի Հովհաննիսյանը ասուլիսի ժամանակ, փետրվար, 2013թ.
Րաֆֆի Հովհաննիսյանը ասուլիսի ժամանակ, փետրվար, 2013թ.
Րաֆֆի Հովհաննիսյանը մերժել է նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպելու առաջարկը։ Այս մասին երկուշաբթի օրը տեղեկացրել է Հայաստանի նախագահի խոսնակ Արմեն Արզումանյանը։

Պատասխանելով Panorama.am-ի հարցին` արդյոք նախագահի ծրագրո՞ւմ է հանդիպել «Ժառանգության» առաջնորդին, Արզումանյանը, մասնավորապես, ասել է. - «Մենք ափսոսանքով ենք արձանագրում պարոն Հովհաննիսյանի մերժումը` հանդիպելու եւ մանրամասն ու համակողմանի քննության առնելու առկա բոլոր հարցերը։ Մեզ մնում է միայն հուսալ, որ պարոն Հովհաննիսյանը ճիշտ է գնահատել իրավիճակը եւ սթափ գիտակցում է երկխոսության դե ֆակտո մերժման ճանապարհի վտանգները»։

«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով արձագանքելով նախագահի խոսնակի այս հայտարարությանը` Ազատության հրապարակում երեկվանից հացադուլի նստած Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց, թե դա հերթական բացարձակ սուտն է։

«Սուտը եւ կեղծիքը շարունակվում է [նախագահական] նստավայրից, եւ կա՛մ պիտի փոխեն իրենց ուղղությունը, կա՛մ վատ է լինելու բոլորիս համար։ Իրենք ապատեղեկատվություն են տալիս եւ դիտավորյալ են տալիս։ Ես հենց հիմա, ինչպես բազմաթիվ անգամներ ասել եմ, սպասում եմ պարոն Սարգսյանին` իրեն հարմար ժամանակ գալ եւ այստեղ տղամարդը տղամարդու դեմ-դիմաց այս հարցը լուծել», - հայտարարեց Հովհաննիսյանը։

«Ես, ինչպես ասել եմ, մինչեւ ապրիլի 9-ը [նախագահ Սերժ Սարգսյանի] ինքնաբացարկ եմ ակնկալում, որովհետեւ ժողովրդի պահանջն է», - ասաց «Ժառանգության» առաջնորդը` շարունակելով. - «Ինքներդ գիտեք, որ ես իմ ոտքով գնացել եմ նստավայր, իմ առաջարկները արել եմ, մերժվել են այդ առաջարկները` բոլորը, անխտիր, եւ դրանից հետո մի քանի անգամ հրավիրել եմ պարոն Սարգսյանին հրապարակ եւ անգամ հայտարարել, որ մինչեւ ամսի 10-ը, այսինքն` մինչեւ երեկ, ես պատրաստ եմ ժողովրդին պատկանող ցանկացած գրասենյակ գնալ եւ հանդիպել։ Արդեն ես հրապարակում եմ եւ խնդրում եմ, որ պարոն Սարգսյանի դե ֆակտո վարչակազմը սուտ եւ կեղծիք չտարածի: Իմ կյանքի իմաստը նա է, որ մինչեւ ապրիլի 9-ը մենք թույլ չտանք, որ երդում լինի այն հարգելի թեկնածուի կողմից, ով չվայելեց հայ ժողովրդի վստահությունը եւ ընտրությունը, ում անվան համար կեղծվեցին ընտրությունները եւ ով չի կարող դառնալ սահմանադրական նախագահ: Թույլ չեմ տալու, որ Վեհափառ հայրապետը պղծի Աստվածաշունչը»:

«Ես չեմ մերժել, ես միշտ կողմ եմ եղել հաղորդակցության, եւ հենց հիմա, իրեն հարմար ժամանակ` դա ուզում է Ռուսաստան գնալուց առաջ լինի, հետո լինի, ես արդեն ասելիք չունեմ` լսելիք ունեմ, եթե ուզում է, թող գա այստեղ, Կարինը [Հովհաննիսյանի որդին, ով հոր հետ Ազատության հրապարակում է] վեր կկենա, եւ միասին կքննարկենք իրեն ուզած ձեւով։ Ես բացի կողմնակից եմ, ինքը կարող է փակ ուզենա, բայց այս հարցը լուծման կարոտ է», - ընդգծեց Րաֆֆի Հովհաննիսյանը` ամփոփելով. - «Եթե իրենք խորացնեն սուտ ու կեղծիքը, վատ է լինելու իրենց` առաջին հերթին, եւ հետո` Հայաստանի համար»։

Հակադարձելով ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի հայտարարությանը` թե նախագահի նախկին թեկնածուի քայլը տանում է սադրանքի եւ ապակայունացման` Հովհաննիսյանն ասաց. - «Ով խեղեց, կեղծեց ընտրությունը, հենց իրենց կուսակցությունը, իրենց մարզպետները, իրենց շտաբի պետերը, անգամ հրամանատարները, որ տարան մեր զինվորներին ամոթալի բաց կամ կրկնակի քվեարկության, քաղաքապետեր եւ այլն, եւ այլն, իրենք են, որ սադրում են, իրենք են, որ հեգնել են ժողովրդին: Եվ ես թույլ չեմ տա, որ հիմա որեւէ մեկը Նժդեհին, կամ պետականության ամրությանը կամ կայունությանը հղում անի այն բանից հետո, որ հերթական անգամ իրենք կեղծեցին: Իրենք ներողություն պիտի խնդրեն, իրենք պիտի դատարանի առաջ կանգնեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG