Ամերիկահայերը բողոքի ցույց անցկացրին թուրքական հյուպատոսարանի առջեւ

Your browser doesn’t support HTML5

Լոս Անջելեսի հայ համայնքը ապրիլի 24-ին բազմամարդ բողոքի ցույց անցկացրեց թուրքական հյուպատոսարանի առջեւ: Սա, կարելի է ասել, տեղի հայ համայնքի ապրիլքսանչորսյան բազմաթիվ միջոցառումների շարքում ամենակարեւորն է համարվում:

Մոտ 10 հազար հայեր` հիմնականում երիտասարդներ, հավաքվել էին իրենց բողոքի ձայնը բարձրացնելու: Նրանք վանկարկում էին «Ամոթ Թուրքիային», «Վերջ ցեղասպանություններին», «Արեւելյան Թուրքիան Արեւմտահայաստանն է», «Պարոն նախագահ, մի մոռացեք Ձեր խոստումը» եւ այլն:

Նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձը, որում նա կրկին խուսափեց «ցեղասպանություն» բառից, կրկին անգամ հիասթափեցրել է ամերիկահայությանը: Ցույցի ժամանակ ելույթ ունեցողները բազմիցս խիստ քննադատեցին իրենց նախագահին` խոստումը դրժելու համար:

Նշենք, որ ցույցի մասնակից 12-ամյա հայ աղջնակին չհաջողվեց Թուրքիայի հյուպատոսին ուղղված նամակը հանձնել նրան: Հյուպատոսարանի ոստիկանները հրաժարվեցին փոխանցել նամակը, իսկ նամակի հեղինակին արգելեցին այն անձամբ հանձնել հյուպատոսին: