Մատչելիության հղումներ

Օբաման կրկին խուսափում է «ցեղասպանություն» բառից


ԱՄՆ-ի նախագահը կրկին խուսափում է «ցեղասպանություն» բառից` հերթական անգամ ամերիկահայությանը հասցեագրած ապրիլքսանչորսյան ուղերձում գործածելով հայերեն «Մեծ Եղեռն» արտահատությունը:

«Այսօր մենք հիշում ենք Մեծ Եղեռնը` 20-րդ դարի ծանրագույն ոճրագործություններից մեկը: Մեր այս քայլով մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում այն մեկուկես միլիոն հայերին, որ դաժանաբար կոտորվեցին կամ բռնեցին մահվան ուղին Օսմանյան կայսրության անկման շրջանում», - հայտարարում է Օբաման` նշելով նաեւ, որ 1915 թվականի իրադարձություններից 97 տարի անց էլ ողջ աշխարհում եւ Միացյալ Նահանգներում լայնորեն նշվում է այս տխուր տարելիցը:

«Մեր պարտավորությունն է` գործով ու խոսքով վառ պահել նահատակների հիշատակի կրակը, ինչպես նաեւ թույլ չտալ, որպեսզի պատմության այս մութ էջերը երբեւիցէ կրկնվեն», - հայտարարում է Օբաման` հատուկ ընդգծելով. - «Ես բազմիցս վերահաստատել եմ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ իմ անձնական տեսակետը: Իմ մոտեցումները մնում են անփոփոխ»:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակում արդեն իսկ խստորեն քննադատում են Սպիտակ տան ղեկավար ուղերձը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայ դատի գրասենյակի հանրային կապերի գծով պատասխանատու Էլիզաբեթ Չուլջյանը նշեց. - «Մեկ անգամ եւս նախագահ Օբաման տեղի տվեց Թուրքիայի` Ցեղասպանության մերժմանն ուղղված աշխատանքերին: Թուրքիան է որոշում Ցեղասպանության հարցում ամերիկյան քաղաքականությունը: Թուրքիայի ճնշումները մենք տեսնում ենք տարբեր տեղերում, նաեւ այստեղ` Միացյալ Նահանգներում: Ի տարբերություն Ցեղասպանությունը ճանաչած 20 պետությունների եւ ամերիկյան 42 նահանգների, Բարաք Օբաման այսօր տեղի տվեց Թուրքիայի ճնշումներին: Դժբախտ օր Ամերիկայում` մարդու իրավունքների համար պայքարող ժողովրդի համար»:

Վերադառնալով բուն ուղերձին` նշենք, որ Օբաման, ինչպես եւ նախորդ տարիներին, այս անգամ էլ դրա մի զգալի մասը նվիրեց հայերի եւ թուրքերի միջեւ հարաբերությունների բարելավման, ինչպես նաեւ պատմությանն առերեսելու անհրաժեշտությանը:

«Փաստերի լիակատար, ազնիվ ու արդար ճանաչումը բխում է մեր բոլորի շահերից: Հնարավոր չէ առաջ շարժվել առանց անցյալի հետ հստակ առերեսման: Միացյալ Նահանգներն իրենց սեփական պատմության պարագայում բազմիցս դիմել են այդ քայլին, եւ ես համոզված եմ, որ դրանից հետո մենք շատ ավելի ուժեղ ենք դարձել», - նշում է Օբաման` մատնանշելով այն անհատ հայերի ու թուրքերի ջանքերը, ովքեր հաշտությանն ուղղված քայլեր են ձեռնարկում:

«Թեեւ կորսված մարդկային կյանքերը այլեւս երբեք ետ չես բերի, այնուհանդերձ հայ ժողովրդի ժառանգությունը հաղթանակել է: Ձեր հավատը, համարձակությունն ու ուժը ձեզ հնարավորություն տվեցին վերապրել ու բարգավաճել` աշխարհով մեկ կենսունակ համայքներ ստեղծելով», - նշում է Միացյալ Նահագների նախագահը` շարունակելով հայերի հասցեին հաճոյախոսությունների շարքը. - «Դուք համարձակորեն կարողացաք պահպանել ձեր ժառանգությունը` փոխանցելով այն սերնդեսերունդ: Ամերիկահայությունը տարբեր ոլորտներում ներդրումներ է ունեցել` նպաստելով թե' ԱՄՆ-ի զարգացմանը, թե' Հայաստանի ժողովրդավարական, խաղաղ ու բարգավաճ զարգացմանը»:

Եզրափակելով իր ուղերձը` Սպիտակ տան ղեկավարը նշում է. - «Հիշատակի այս տխուր օրը մենք հայերի կողքին ենք` վերհիշելով Մեծ եղեռնի մութ օրերն ու պարտավորվելով ավելի պայծառ ապագա ապահովել Հայաստանի ժողովրդի համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG