ՀԱԿ-ը «նորմալ» է համարում քաղաքական ուժերի արձագանքը

Հայ ազգային կոնգրեսի ղեկավար անդամ Լեւոն Զուրաբյանը:

Հայ ազգային կոնգրեսը նորմալ է համարում քաղաքական ուժերի արձագանքը Ընտրական օրենսգրքում փոփոխությունների միասնական պլատֆորմով հանդես գալու իրենց առաջարկին, թեեւ առայժմ որեւէ քաղաքական ուժ պլատֆորմին միանալու ցանկություն չի հայտնել:
Կոնգրեսը, հիշեցնենք, անցած շաբաթ հայտարարեց, որ պատրաստակամ է ազատ, արդար ընտրություններ անցկացնելու հարցում շահագրգիռ քաղաքական ուժերի հետ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ առաջարկող միասնական պլատֆորմ մշակել, ինչը հնարավորություն կտա բարձրացնել հարցը խորհրդարանում, ստանալ միջազգային հանրության աջակցությունը եւ հասնել օրենսդրական փոփոխությունների:

Իշխող Հանրապետական կուսակցությունն անմիջապես բացառեց նման հեռանկարը` հայտարարելով, թե Ընտրական օրենսգիրքը արդեն իսկ փոփոխված է: «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորները հայտարարեցին, որ կողմ են ազատ ու արդար ընտրություններին, բայց ռեալ չհամարեցին իրենց կուսակցության մասնակցությունը ՀԱԿ-ի առաջարկած գործընթացներին:

Խորհրդարանական ընդդիմությունից «Ժառանգության» խմբակցության ղեկավարը Ստյոպա Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր փոխանցեց, որ Կոնգրեսից որեւէ առաջարկ չեն ստացել: Երբ կոնկրետ առաջարկ ստանան, քննարկեն:

Իսկ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը անցած շաբաթավերջին հայտարարել էր` ինչո՞ւ պիտի Դաշնակությունը Կոնգրեսի առաջարկին միանա, թող Կոնգրեսը միանա իրենց առաջարկած պրոեկտներին:

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով քաղաքական ուժերի այս հայտարարություններին` նշեց. - «Իշխանությունների պատասխանը ընդամենը վկայակոչում է այն, որ նրանք իսկապես սիստեմատիկ կեղծարարությամբ են զբաղվել եւ պատրաստվում են նույն բանը անել այս ընտրություններին: Այսինքն որեւէ ուրիշ բան այս իշխանություններից մենք չէինք էլ սպասում: Իսկ մնացած քաղաքական ուժերի արձագանքը ես համարում եմ այս պահին շատ նորմալ»:

Նրա դիտարկմամբ, նշված ընդդիմադիր քաղաքական ուժերից որեւէ մեկը միանշանակորեն չի հրաժարվել միասնական պլատֆորմի գաղափարից:

Ի պատասխան Վահան Հովհաննիսյանի հարցադրմանը, թե երբ մեկուկես տարի առաջ Դաշնակցությունն ու «Ժառանգություն»-ը միավորեցին ուժերը` պայքարելու նոր Ընտրական օրենսգրքի համար, ինչո՞ւ էր ՀԱԿ-ը հեգնանքով ու ծաղրանքով վերաբերում եւ այդպես էլ չմիացավ դրան` Զուրաբյանը նշեց. - «Մեր դիրքորոշումը այս հարցում պահպանվել է: Մենք անիմաստ ենք համարում մասնակցել իշխանությունների կողմից կազմակերպված քննարկումներին, որը թույլ է տալիս իշխանություններին լեգիտիմացնել այդ քննարկումները եւ ցույց տալ, որ իբր նրանց կողմից մշակված Ընտրական օրենսգրքի մեջ կա նաեւ ընդդիմության ներդրումը: Խոսքը լրիվ այլ գործընթացի մասին է, գործընթաց, որում հավասար համագործակցության հետեւանքով կմշակվի ընդհանուր պլատֆորմ, որը արդեն կներկայացվի հանրությանը, որը թույլ կտա արդեն ճնշումներ գործադրել իշխանությունների վրա»:

Դաշնակցության ներկայացուցիչը նաեւ հայտարարել էր, որ Կոնգրեսի` հատկապես վերջին ժամանակների նախաձեռնությունները ավելի շատ հակված են տպավորություն թողնել` ռեալ արդյունք բոլորովին չխոստանալով: Ի պատասխան Կոնգրեսի համակարգողը կոչ արեց զերծ մնալ փոխադարձ կշտամբանքներից. - «Ընտրությունների արդար եւ օրինական անցկացմամբ շահագրգիռ բոլոր քաղաքական ուժերը պետք է աշխատեն կենտրոնանալ պրակտիկ քայլերի վրա, եւ ճիշտ կլինի, որ մենք, այս գործընթացի հաջողությունը ապահովելու համար, զերծ մնանք փոխադարձ կշտամբանքներից»:

Հարցին` ընդդիմադիր ուժերի արձագանքը հույս ներշնչո՞ւմ է, թե պլատֆորմի ստեղծումը հնարավոր է, Զուրաբյանը արձագանքեց. - «Այս արձագանքը այս պահին որեւէ խոչընդոտ չի ստեղծում նման գործընթացի ծավալման համար… Կարող ենք գտնել այդ արձագանքների մեջ ինչ-որ պրոբլեմներ, բայց ոչ մի լուրջ խոչընդոտ քաղաքական ուժերի դիրքորոշման առումով ես չեմ տեսնում: Կարեւոր է սկսել համախմբումը այս ուղղությամբ: Եթե այդ պրոցեսը թափ հավաքի, ուրեմն վստահ եղեք, որ հետագայում շատ անսպասելի ուժերի աջակցությունն է հնարավոր դառնալու»:

Հարցի վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի զրուցել է նաեւ երեւանցիների հետ:

Your browser doesn’t support HTML5

ՀԱԿ-ը «նորմալ» է համարում քաղաքական ուժերի արձագանքը