«Հրապարակ»-ի դրամական միջոցների կալանքը փոխարինվեց գույքի կալանքով

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը ասուլիսի ժամանակ, Երեւան, ապրիլ, 2011թ.

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեքշաբթի օրը ձեւափոխել է իր որոշումը` վերացրել է «Հրապարակ» օրաթերթի դրամական հաշվիների վրա դրած կալանքը եւ կալանք դրել օրաթերթի գույքի վրա: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը:

Նախօրեին դատարանից ստանալով թերթի հաշիվների վրա 18 միլիոն դրամի (շուրջ 47 հազար դոլար) չափով կալանքի սահմանման մասին որոշումը` Օհանյանը այն բողոքարկել էր նույն դատարանում: Դրամական հաշվիվների վրա կալանքի որոշում ընդունած դատավոր Գագիկ Խանդանյանն այսօր արդեն որոշում է կայացրել ձեւափոխել ավելի վաղ ընդունած իր որոշումը. ինչպես նշեց «Հրապարակ»-ի խմբագիրը, դատավորն ընդունել է իրենց փաստարկները, ըստ որոնց` դրամական հաշիվների վրա դրված կալանքը կխոչընդոտեր թերթի բնականոն գործունեությունը։

Փաստորեն, «Հրապարակ»-ի կրկին հայտնվել է դատական քաշքշուկների մեջ: Թերթին այս անգամ դատի է տվել փաստաբան Արթուր Գրիգորյանը:

Փաստաբանը գտնում է, որ օրաթերթի էլեկտրոնային տարբերակում դեռեւս օգոստոսին տպագրված հոդվածի ներքո ընթերցողների թողած մեկնաբանությունները վիրավորել են իր պատիվն ու արժանապատվությունը:

Հոդվածը փաստաբանի ծառայություններից դժգոհ մնացած քաղաքացիների բողոքի մասին է: Հոդվածի վերաբերյալ մեկնաբանություն թողած 6 քաղաքացիներից մի քանիսը իրենց մեկնաբանություններում եւս բողոքել են փաստաբանի գործողություններից: Նրանցից մեկը գրել է. - «Արթուր Գրիգորյանի պատճառով կորցրեցինք բողոքարկելու իրավունքը` զուտ իր բողոքը ուշացնելու պատճառով»: Մեկ այլ ընթերցող էլ հիշել է իր գործը` գրելով. - «Մեր գործով նույն սցենարով սկզբից պայմանագիր կնքեց 150 հազար դրամի, հետո վերջում` 600 հազար դրամի հասցրեց ու ընդամենը փորձեց հարցը դատավորի հետ միջնորդությամբ լուծել»:

Ընթերցողների մեկնաբանությունների համար փաստաբանը թերթից 18 միլիոն դրամ (շուրջ 47 հազար դոլար) է պահանջում: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը ավելի վաղ բավարարել էր պարբերականի դրամական միջոցների նկատմամբ 18 միլիոն դրամի չափով արգելանք դնելու վերաբերյալ Գրիգորյանի պահանջը:

Փաստաբան Արթուր Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ դատարան դիմելուց առաջ ծանրութեթեւ է արել ու որոշել, որ իր հասցեին վիրավորական արտահայտություններ ու զրպարտություն տպագրած լրատվամիջոցը պետք է պատժվի:

«Մի լրատվամիջոց, որը պիտի բոլորին մի արշինով չափի, իմ կարծիքով, ժողովրդավարական հասարակության չափանիշներից ելնելով, չպիտի գործի: Եթե իրեն ընդամենը նյութ է պետք, որի շուրջ սկանդալ ստեղծի եւ ոչ թե լրատվական գործունեություն իրականացնի, կարծիք հայտնի, լրագրողական հետաքննություն կատարի, մարդկանց դատին ներկայացնի կոնկրետ թեմաներ, ուրեմն ավելի լավ է այդ լրատվամիջոցը չգործի, քան գործի եւ շարունակի ում մտքներով անցնի, ցեխ շպրտի նրանց վրա», - ասաց Գրիգորյանը:

Արդյո՞ք ընթերցողների կարծիքներն ու մեկնաբանությունները տպագրելը կարելի է համարել ցեխ շպրտել թերթի կողմից: Փաստաբանի ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Աթանեսյանն այս դեպքում վկայակոչում է Հայաստանի Քաղաքացիական օրենսգիրքը: Համաձայն օրենսգրքի, եթե վիրավորելիս կամ զրպարտելիս տեղեկատվության աղբյուրը հայտնի չէ, ապա պատասխանատվություն է կրում լրատվամիջոցը:

«Ո՞վ ում հերքի, ո՞ւմից հերքում պահանջեմ: «Հրապարակ» օրաթերթը պարզապես կծիծաղի իմ վրա: Ինչ-որ մի Արտակ կամ չգիտեմ ով` քոմենթ է թողել, իրենք ինչը՞ պետք է հերքեն: Եթե հերքեին, ուրեմն պետք է ընդունեին, որ իրենք են արել, իրե՞նք են այդ քոմենթը թողել», - հարցնում է Աթանեսյանը:

Հայցվոր կողմը կարծում է` քանի որ իրականում հայտնի չեն հոդվածի ներքո մեկնաբանություն թողած անձինք, ապա նրանց փոխարեն պետք է լրատվամիջոցը պատասխան տա: Մինչդեռ «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն ասում է, որ ինքը պատասխնատվություն է կրում լրագրողական աշխատանքի, այլ ոչ թե ընթերցողների համար:

«Այդ մոդերատոր ասվածը գրաքննիչ չէ եւ գոյություն էլ չունի: Մենք միայն կարգավորում ենք, որ սայթը աշխատի: [Եթե այդ արտահայտությունները հանվեին] ստացվում է, որ դու թույլ չես տալիս, դու հայտարարել ես բաց դաշտ, որտեղ մարդը կարող է անարգել իր վերաբերմունքը արտահայտել: Այնտեղ լատինատառ, տառասխալներով, գծիկներով, անհասկանալի նշաններով քոմենթներ են, այսինքն դա այդ մարդու անձնական վերաբերմունքն է», - ասաց Օհանյանը:

Թերթի խմբագիրը անհեթեթ է որակում փաստաբանի գործողությունը:

«Ընթերցողական քոմմենթների հետ կապված հայց է, պատկերացրեք, ինչ խայտառակություն է Հայաստան պետության համար, որը մամուլի ազատության հետ կապված միջազգային 1000 հատ կոնվենցիայի տակ է ստորագրել», - ասաց խմբագիրը:

Փաստաբան Արթուր Գրիգորյանն էլ գտնում է, որ ինքն այս դեպքում հանդես է գալիս որպես սովորական քաղաքացի, ով պաշտպանում է իր իրավունքները. - «Այս ամենի հետեւում պատվեր չկա: Կտրականապես բացառում ենք որեւէ ազդեցություն ինչ-որ մի գաղտնի կամ երրորդ ուժի կողմից: Սա քաղաքացու հայց է ընդդեմ օրաթերթի», - ասաց նա:

Արդյո՞ք այսպես կոչված անհասցե ընթերցողների կարծիքները տպագրելը համարվում է օրենքի խախտում: ԶԼՄ փորձագետ Մեսրոպ Հարությունյանը գտնում է, որ դատարանը պետք է առայժմ ձեռնպահ մնար այս գործը քննելուց մինչեւ Սահմանադրական դատարանը այս խնդրի շուրջ որոշում կայացներ:

Սա «Հրապարակ»-ի դեմ արդեն վեցերորդ դատական գործն է: Ավելի վաղ թերթին դատի է տվել նաեւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Սահմանադրական դատարան է դիմել Քաղաքացիական օրենսգրքի` զրպարտությանը եւ վիրավորանքին վերաբերող հոդվածների սահմանադրականության հարցով: Սահմանադրական դատարանը օմբուդսմենի դիմումը դեռ չի քննել:

Նախորդ եռամսյակում` հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, 11 նոր դատական հայցեր են ներկայացվել լրատվամիջոցների դեմ: