«Ասպարեզ» ակումբի նախագահը եւ ակտիվիստը ազատ արձակվեցին

ԼՐԱՑՎԱԾ. Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանին եւ Առնո Կուռ անունով ներկայացած մի ակտիվիստի իրավապահները այսօր առավոտյան Սարյանի պուրակից տարան ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Facebook սոցիալական ցանցում ստեղծված խմբի անդամները, ովքեր դեմ են արտահայտվում ռուսական ռազմակայանի զինծառայողների մասնակցությանը Հայաստանի Անկախության տոնին նվիրված զորահանդեսին, պատրաստվում էին բողոքի քայլերթ կազմակերպել:

Ոստիկանները նաեւ լրագրողների ներկայությամբ ակցիայի մոտ մեկ տասնյակ մասնակիցներից խլեցին «Անկախ Հայաստան», «Հայաստանը Ռուսաստանի մաս չէ» եւ «Ո՛չ օտար դրոշներին» գրություններով պաստառները:

Տեղի ունեցածի վերաբերյալ ավելի ուշ պարզաբանում տեղադրվեց Ոստիկանության պաշտոնական կայքէջում, որում ասված է. - «Այսօր առավոտյան Երեւանում, Մարտիրոս Սարյանի արձանի մոտ մի խումբ անձինք բողոքի ակցիա են կազմակերպել` կապված Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսի հետ: Ակցիայի մասնակիցներից երկուսը հրավիրվել են ոստիկանության Կենտրոնականի բաժին` նրանց անձը պարզելու նպատակով, եւ որոշակի պարզաբանումներ տալուց հետո հեռացել են»:

Լեւոն Բարսեղյանը, այդուհանդերձ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, որ իրենց բերման էին ենթարկել, եւ փոխանցեց, որ ոստիկանությունում պահանջել է արձանագրություն կազմել բերման ենթարկելու մասին, ինչը իրավապահները հրաժարվել են անել։


Կարլեն Ասլանյան