Մատչելիության հղումներ

Ռուսական զորախումբը կմասնակցի զորահանդեսին


Սեպտեմբերի 21-ին կայանալիք տոնական զորահանդեսի փորձը Հանրապետության հրապարակում, 19 սեպտեմբեր, 2011
Սեպտեմբերի 21-ին կայանալիք տոնական զորահանդեսի փորձը Հանրապետության հրապարակում, 19 սեպտեմբեր, 2011
Պաշտպանության նախարարի մամուլ քարտուղար Դավիթ Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ սեպտեմբերի 21-ի տոնական զորահանդեսին մասնակցելու են նաեւ ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողները:

Նախարարի խոսնակի փոխանցմամբ` հայկական բանակի տարբեր ստորաբաժանումների կողքին ռուսական ռազմակայանի զինծառայողները Ռուսաստանի դրոշը պարզած են հրապարակ մտնելու:

«Սրա խորհուրդը թերեւս նրանում է, որ այդ ռազմակայանը ակտիվորեն մասնակցում է Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանը, եւ այս իմաստով այդ ռազմակայանի զորախմբի մասնակցությունը թերեւս խորհրդանշում է պաշտպանության ոլորտում հայ-ռուսական համագործակցության խորը հիմքերը: Այստեղ շահարկումների համար որեւէ հիմքեր չկան», - ասաց Դավիթ Կարապետյանը:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնախմբի անդամ Վլադիմիր Կարապետյանի կարծիքով` անկախության օրվա առիթով կազմակերպված զորահանդեսին այլ երկրի մասնակցությունը լուրջ հարցեր է առաջացնում:

«Վերջին շրջանում անկախության 20-ամյակն էին նշում մեր հարեւան պետությունները` Վրաստանը, Ադրբեջանը: Չնայած այն համագործակցությանը, որ նրանք ունեն տարբեր երրորդ երկրների հետ, ղեկավարներից որեւէ մեկի մտքով անգամ չի անցել, որ անկախության նվիրված զորահանդեսին մասնակցի երրորդ երկրի ստորաբաժանում», - ասաց Կարապետյանը:

Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը, «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան, միանգամայն նորմալ եւ օրինաչափ երեւույթ համարեց վաղվա զորահանդեսին ռուս զինծառայողների մասնակցությունը` շեշտելով, որ Հայաստանը աշխարհին ցույց է տալիս իր անվտանգությունը ապահովող միջոցները` այդ թվում ռուսական ռազմակայանը: Մամուլում հնչող այն քննադատությանը, թե այս քայլը նսեմացուցիչ է 20-ամյա անկախ պետության համար, Զոհրաբյանն այսպես արձագանքեց. - «Այսինքն դուք գտնում եք, որ իրենք պաշտպանում են մեր անվտանգությունը, դա նսեմացուցիչ չէ՞, բայց որ այդ փոքր զորախումբը մասնակցում է, դա նսեմացուցի՞չ է: Այ, եթե ամբողջ ռուսական զորքը մասնակցեր, դա արդեն սխալ կլիներ, բայց այդպիսի բան չկա, իրենք դաշնակցի իրավունքները հարգում են եւ այդպիսի բան չեն անում: Թեկուզ նույնիսկ այդպես էլ լինի, ապա փառք աստծո, գոնե թուրքական զորք չգա, մասնակցի, ռուսականը ոչինչ, էլի մեր պաշտպաններն են», - ասաց Զորհրաբյանը:

Վլադիմիր Կարապետյանն ասում է` անկախության խորհուրդը կլիներ այն, եթե զորահանդեսին հենց հայկական բանակի ստորաբաժանումները մասնակցեին:

«Ես չէի զարմանա, եթե ռուսական կամ ԱՊՀ երկրներից մեկ այլ զորախումբ մասնակցեր Մեծ հայրենական պատերազմի 65-ամյակի կամ 70-ամյակի զորահանդեսին, եւ դա շատ տրամաբանական կլիներ: Եթե մենք լինեինք լիարժեք անկախ, մենք կկարողանային մեր դաշնակցին հիմնավորումներ ներկայացնել, թե ինչու անկախության նվիրված զորահանդեսին պետք է մասնակցեն մեր հայկական հաղթանակած զորամիավորումները եւ ոչ թե երրորդ երկրների», - ասաց ՀԱԿ ներկայացուցիչը:

Ռուսական ռազմակայանի զինծառայողների մասնակցությանը զորահանդեսին դեմ են արտահատվել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծված խմբի անդամները, ովքեր առաջարկում են վաղը անգամ բողոքի քայլերթ կազմակերպել: Նախաձեռնության հեղինակներից մեկը` Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը սա կոշտ եւ խորամանկ վիրավորանք է անվանում` շեշտելով, որ դժգոհությունը իր ռուսատյացություն չէ:

«Սահմանները համատեղ պահպանում են հայկական զորամիավորումների հետ, հասկացանք: Իրենք հո մեր սիրուն աչքերի համար չեն պաշտպանո՞ւմ, իրենք էլ ունեն իրենց քաղաքական շահերը, բայց դա չի նշանակում, որ այդ զորամիավորումները պիտի մասնակցեն մեր անկախության 20-ամյակի ռազմաշքերթին: Մենք դեռ անկախություն չունենք. դա է ստացվում: Ճիշտ է` դեկլարատիվ պրոցեսներից անցել է 20 տարի, բայց չենք կարողանում լիաթոք նշել այդ ուրախությունը», - ասաց Բարսեղյանը:

please wait

No media source currently available

0:00 0:03:51 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG