ԵՄ Հարավային Կովկասի հատուկ ներկայացուցիչը Երեւանում է

ԵՄ Հարավային Կովկասի հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆոր եւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, 07 սեպտեմբեր, 2011

Չորեքշաբթի Երեւան է ժամանել Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո երկու պաշտոնյաները հանդես եկան համատեղ մամլո ասուլիսով: Ասուլիսի ժամանակ Էդվարդ Նալբանդյանը անդրադարձավ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամության համար Ադրբեջանի ներկայացրած հայտին:

«Շատերի մոտ հարց է առաջանում, թե ռազմատենչ քաղաքականության եւ պատերազմի քարոզչությամբ մի երկիր, որի ղեկավարությունը պարծենում է ռազմական բյուջեն 6 տարում 20 անգամ ավելացնելու հանգամանքով` երկիր, որն ուժի կիրառման սպառնալիքը դարձրել է քաղաքականության կարեւոր մաս եւ փաստորեն սպառնում է խաղաղությանը, ինչպե՞ս կարող է հավակնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալուն, եւ դա այն պարագայում, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գլխավոր նպատակն ու խնդիրը խաղաղության հաստատումն է, պահպանումն ու ամրապնդումը», - ասաց Հայաստանի արտգործնախարարը:

«Այդ հայտի հետ կապված այլ հարցեր էլ են ծագում», - հավելեց Նալբանդյանն ու պարզաբանեց. - «Օրինակ, Ադրբեջանը, որը բանակցություններ է վարում Եվրամիության հետ ասոցացման պայմանագիր կնքելու վերաբերյալ եւ Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալու պայքարում դեմ է դուրս եկել ԵՄ երկու անդամ երկրի դեմ` Հունգարիայի եւ Սլովենիայի` ասելով, որ ԵՄ այդ երկու անդամները չեն կարող ավելի լավ կատարել այն, ինչ որ Ադրբեջանը կարող է կատարել, եւ ԵՄ ոչ անդամ երկրներին ներկայացնում է այն ձեւով, որ ավելի լավ է` ԵՄ ոչ անդամ երկիր լինի ընտրված անդամը, քան թե ԵՄ անդամ երկիր: Այս կապակցությամբ շատ հարցեր կարող են ծագել, բայց արդեն որոշ երկրների պատասխանատվության հարցն է` արդյո՞ք իրենք իրենց ձայնը կտան Ադրբեջանին, թե` ոչ: Բայց մեկ բան հստակ է, որ Անվտանգության խորհրդի հեղինակությանը սա որեւէ բան չի ավելացնի»:

Հարավային Կովկասում ԵՄ նորանշանակ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորն իր հերթին հայտարարեց, որ ուրախ է իր առաքելության համար` ընդգծելով, որ պաշտոնը, որը ստանձնել է ինքնին խոսում է ԵՄ-ի կողմից Հարավկովկասյան տարածաշրջանը մեծապես կարեւորելու մասին:

Էդվարդ Նալբանդյանը, լրագրողներին ներկայացնելով տարածաշրջանում ԵՄ-ի նորանշանակ պաշտոնյային, նշեց, որ վերջինիս հետ հանդիպման ընթացքում քննարկել են, իր ձեւակերպմամբ, Հայաստան-Եվրամիություն լավ զարգացում ունեցող հարաբերությունները:

«Մենք անդրադարձանք Արեւելյան գործընկերությանը, Վարշավայում կայանալիք գագաթաժողովին: Անդրադարձանք այն բանակցություններին, որոնք վարվում են Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ, այստեղ մենք բավական առաջընթաց ենք արձանագրել, նաեւ` խորը համապարփակ առեւտրի գոտու ստեղծման վերաբերյալ բանակցությունների մեկնարկի նախապատրաստական աշխատանքներում: Եվ նաեւ վիզային ռեժիմի դյուրացման բանակցությունների մանդատը, կարծում եմ, կտրվի մինչեւ Վարշավայի գագաթանժողովը, եւ վստահ եմ, որ շատ արագ ձեւով մենք կգանք պայմանավորվածության այս հարցում», - ասաց Հայաստանի արտգործնախարարը:

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը հայտարարեց, թե ԵՄ-ն պատրաստ է իր լրացուցիչ աջակցությունը բերել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին` միտված ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման` նշելով, թե Եվրամիությունը ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին հավասարապես համարում է այդ հակամարտության զոհերը:

Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ-ի նորանշանակ հատուկ ներկայացուցչին իր նստավայրում այսօր ընդունել է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Your browser doesn’t support HTML5

ԵՄ Հարավային Կովկասի հատուկ ներկայացուցիչը Երեւանում է