Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Ֆիլիպ Լեֆորին


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:

Հանդիպման ժամանակ նախարարը նշել է, որ Եվրամիության հետ հարաբերությունները մշտապես հանդիսացել են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից եւ առանձնակի ուշադրության են արժանացել Հայաստան - ԵՄ գործակցության շրջանակներում ներառված բոլոր բնագավառները:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Ֆիլիպ Լեֆորը, իր հերթին, գոհունակություն է հայտնել Հայաստան - ԵՄ դինամիկ զարգացող հարաբերություններում համագործակցության նոր հեռանկարների բացման կապակցությամբ:

Զրուցակիցները անդրադարձել են Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերության շրջանակներում ընթացող բանակցություններին, նշելով, որ վերջին շրջանում զգալի առաջընթաց են արձանագրել: Նալբանդյանն ու Լեֆորը խոսել են նաեւ Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների մասին եւ քննարկել մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման ու խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման վերաբերյալ բանակցությունների մեկնարկի նախապատրաստական աշխատանքները:

Կողմերը կարեւորել են սեպտեմբերի վերջին Վարշավայում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովը եւ անդրադարձել դրա նախապատրաստմանը:

Զրուցակիցները քննարկել են Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները: Լեֆորը Եվրամիության անունից աջակցություն է հայտնել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահության ներքո հիմնախնդրի խաղաղ կարգավորման ջանքերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG