Շփման գծում անցած օրերին ադրբեջանցի երկու զինվոր է սպանվել

Ուրբաթ եւ կիրակի օրերին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ադրբեջանցի երկու զինվոր է սպանվել:

Ինչպես հաղորդում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունը, երեկ առավոտյան ադրբեջանական բանակի զինծառայող Ֆարիդ Ֆարաջեւը դիպուկահարի կրակոցից զոհվել է շփման գծի Թերթերի հատվածում, իսկ երկու օր առաջ` կրկին դիպուկահարի կրակոցից, Աղդամի շրջանի Շիխլար գյուղի դիրքերում զոհվել է ադրբեջանական բանակի կրտսեր սերժանտ Ռահման Մամեդովը:

Մայիսի 11-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գոտու հարավարեւելյան սահմանահատվածում տրակտորով աշխատելիս սպանվել է Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղի 33-ամյա բնակիչ Արայիկ Բալասանյանը:

Մոտ մեկ շաբաթ առաջ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում անդրադառնալով Ադրբեջանի կողմից դիպուկահար գործողությունների ակտիվացմանը, որի արդյունքում հայ զինծառայողներ ու խաղաղ բնակիչներ են զոհվում, Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մասնավորապես, ասել էր. - «Դիպուկահարների գործողություններին լիարժեք պատասխան է տրվում [...]: Այդ գործողություններին պատասխան է տրվում անհամաչափ պատժի կիրառմամբ: Դա նշանակում է, որ նրանք պատժվում են մի քանի անգամ ավելի մեծ կորուստներով, այլ բան է, որ ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցները իրենց հանրությանը դա ներկայացնում են, այսպես ասած, իրենց ձեւով»: