Հայաստանի քաղաքական ուժերը արդեն պատրաստվում են ընտրություններին

Քվեարկություն Երեւանի ընտրատեղամասերից մեկում, արխիվային լուսանկար

Թեեւ Ազգային ժողովի հերթական ընտրությունները նախատեսված են 2012 թվականին, իսկ նախագահի ընտրությունները` 2013-ին, Հայաստանի քաղաքական ուժերը նախապատրաստվում են ընտրություններին:
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը ամիսներ շարունակ պնդում է, որ պետք է անցկացնել արտահերթ ընտրություններ: Խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը չի բացառում, որ խորհրդարանի հերթական ընտրություններին Հայ ազգային կոնգրեսի հետ ընդդիմադիր դաշինք կարող է ձեւավորել: Անցյալ շաբաթ պարզվեց, որ իշխող կոալիցիայի անդամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը կուսակիցների առջեւ խնդիր է դրել` բոլոր մակարդակներում «ավելի ակտիվ եւ համարձակ գործել»: Իսկ Դաշնակցությունը չորեքշաբթի օրը Աշտարակում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, թե կուսակցությունը հիմնական քաղաքական խնդիր է հռչակել նոր իշխանությունների ձեւավորումը:

«Այս ամենը նման է նախընտրական քարոզարշավի: Ինչո՞ւ հիմա սկսեցիք», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Դաշնակցության քարոզչության պատասխանատու Սպարտակ Սեյրանյանը արձագանքեց. - «Իմ տպավորությամբ` երեւի թե ամենավերջինը նախընտրական այս զարգացումների փուլի մեջ մտել է Դաշնակցությունը: Ընդամենը մի երկու շաբաթ առաջ հանրապետության բոլոր լրատվամիջոցներն ասում էին, որ «այս քաղաքական ուժը այս քայլը անում է, որովհետեւ պատրաստվում է ընտրությունների, այն մյուս քաղաքական ուժը ինչ-որ պաշտոնյաներ է փոխում` պատրաստվում է ընտրությունների», եւ այլն»:

«Այս տրամաբանության մեջ եթե դիտարկելու լինենք, երեւի վերջինը Դաշնակցությունն է: Ուղղակի մենք, ինչպես միշտ, մեր քաղաքական գործունեության մեջ մտնում ենք քաղաքական օրակարգով, ոչ թե այլաբնույթ գործունեությամբ, որի հիմքում էլի ընկած է նախընտրական տրամաբանությունը: Բայց մենք քաղաքական գործընթացի մեջ քաղաքական գործիքներ ենք օգտագործում եւ ի տարբերություն շատ ու շատ քաղաքական ուժերի` մենք մեր մարտավարությունը եւ ռազմավարությունը միայն առաջիկա, սպասվող ընտրություններով չենք պայմանավորում», - վստահեցրեց դաշնակցական գործիչը` հավելելով. - «Դաշնակցությունը այդ խնդիրների մասին ասել է թե' իր` իշխանության մեջ եղած ժամանակ, թե' հիմա, բնականաբար: Հիմա որ առջեւում էլ ընտրություններ են` ուղղակի բոլորը այդ պրիզմայով են հակված դիտել Դաշնակցության քայլերը»:

«Շատ բնական վիճակ է, անկախ նրանից` իշխանությունը ուժեղ է, թույլ է, քաղաքական ուժը միշտ պետք է պատրաստ լինի ժողովրդի հետ իր ծրագրերից, գաղափարներից եւ մտահոգություններից խոսելու», - ամփոփեց Սպարտակ Սեյրանյանը:

Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի գնահատմամբ` ընդդիմադիր ուժերը միատարր չեն. Հայ ազգային կոնգրեսի, «Ժառանգության» եւ Դաշնակցության միջեւ մրցակցության խնդիր է առաջանում, նրանք օր առաջ փորձում են առաջին տեղը գրավել:

«Ուժերի գնահատման պրոցես է գնում: Այն ուժերը, ովքեր վստահ չեն իրենց վրա, այսինքն` որ շատ ձայներ կարող են տանել ընտրություններին, բնականաբար, ավելի շուտ են սկսում: Այն քաղաքական ուժերը, ովքեր վստահ են իրենց վրա, նրանք սկսում են իրենց քարոզարշավը ժամանակին, ինչպես մենք ենք անում. այսինքն` մենք հիմա քարոզարշավ չենք տանում ընտրությունների հետ կապված` դեռեւս տարիուկես կա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց իշխող կուսակցության փոխնախագահը:

«Կարծում եմ, ընդդիմությունը հենց ընդդիմություն պետք է լինի, որ իր ծրագիրը առաջարկի, ու կարծես թե հիմա սկսվել է այդ ակտիվությունը ընդդիմադիր դաշտի», - նշեց Զոհրաբյանը` ամփոփելով. - «Ես ասեմ, որ առանձնապես մեզ դա չի մտահոգում շատ` առաջին անգամ չի, որ իշխանափոխության կոչեր են անում, հրաժարականի կոչեր են անում: Մենք հանգիստ իրականացնում ենք մեր ծրագրերը` մինչեւ 2012 թվական, մինչեւ ընտրություններ, եւ ճիշտ, սահմանադրական ճանապարհով գնալու ենք: Ինչ իշխանափոխություն էլ որ առաջարկեն կամ պահանջեն` դա ընդամենը լինելու է իրենց քարոզչական արշավի սահմաններում»: