Ադրբեջանը հենվում է «քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ` համաձայնեցված չէ ոչինչ» սկզբունքի վրա

Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը Մյունխենում, 22 նոյեմբերի, 2009

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանը հենվում է «քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ` համաձայնեցված չէ ոչինչ» սկզբունքի վրա: Այդ մասին հայտարարել է ադրբեջանական արտգործնախարարության մամուլի քարտուղար Էլհան Պոլուխովը:
APA գործակալության խնդրանքով մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մյունխենյան հանդիպման մանրամասները, որոնք հրապարակել է թուրքական մամուլը` «ըստ նախնական տեղեկությունների», Պոլուխովը մեկ անգամ եւս հիշեցրել է Ադրբեջանի դիրքորոշումը: Ըստ այդմ` նախ եւ առաջ պետք է ազատվեն Լեռնային Ղարաբաղի շուրջ «գրավյալ տարածքները», վերականգնվեն ենթակառուցվածքները, վերադառնան տեղահանվածները, Լեռնային Ղարաբաղին պետք է տրամադրվի ժամանակավոր կարգավիճակ եւ հետո միայն որոշվի վերջնական կարգավիճակը:

APA-ն նաեւ մեջբերում է թուրքական մամուլի հրապարակած հիշյալ մանրամասները, համաձայն որոնց` չնայած նախագահներ Սերժ Սարգսյանին եւ Իլհամ Ալիեւին Մյունխենում չի հաջողվել կոնկրետ արդյունքների հասնել, նրանք փորձել են տեղաշարժերի հասնել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների պատրաստած եւ կողմերին ներկայացրած Մադրիդյան սկզբունքների եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի շրջանակներում: Ըստ այդմ`

- մտքերի փոխանակում է անցկացվել շրջանակային հուշագրի շուրջ, որը բազային է դառնալու Լեռնային Ղարաբաղի հարցով վերջնական հուշագրի համար,

- համաձայնություն է ձեռք բերվել Լեռնային Ղարաբաղին հարակից եւ հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող 7 շրջաններից 5-ի ազատման հարցում,

- առայժմ ճշտված չէ, թե որ 5 շրջաններն են ազատվելու,

- պաշտոնական Երեւանը կտրականապես բողոքել է տվյալ փուլում Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքի ազատման հարցի ընդգրկմանը օրակարգում,

- Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը հանրահավաքի ճանապարհով ճանաչվել է սկզբունքորեն հնարավոր:

Աղբյուրը hավելում է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ հեռախոսազրույցում տեղեկատվություն է ստացել Մյունխենի հանդիպման վերաբերյալ: