Մատչելիության հղումներ

Համանախագահներ. «Մյունխենյան բանակցություններում շատ կարեւոր առաջընթաց է արձանագրվել»


Գերմանիա - ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները լրագրողների հետ հանդիպմանը, Մյունխեն, 22-ը նոյեմբերի, 2009
Գերմանիա - ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները լրագրողների հետ հանդիպմանը, Մյունխեն, 22-ը նոյեմբերի, 2009
«Այսօրվա բանակցություններում շատ կարեւոր առաջընթաց է արձանագրվել», - Մյունխենում` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կիրակի տեղի ունեցած բանակցություններից հետո հայտարարեցին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդները:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հարցին` որն է այն ամենակարեւոր հարցը, որի շուրջ առաջընթաց է ձեռք բերվել, ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն ասաց. - «Մենք պայմանավորվածություն ունենք չհրապարակել բանակցությունների մանրամասները: Դա պետք է անեն իրենք` նախագահները: Սակայն մենք համակարծիք ենք այն հարցում, որ այսօրվա բանակցություններում շատ կարեւոր առաջընթաց է արձանագրվել»:

«Միեւնույն ժամանակ, մենք պարզել ենք որոշակի դժվարություն», - հայտարարեց Ֆասիեն:

Մինսկի խմբի միջնորդների համատեղ ասուլիսը, որ վարում էր ֆրանսիացի համանախագահը, սկսվեց կողմերի միջեւ շուրջ չորս ժամ շարունակված բանակցություններից հետո: Բերնար Ֆասիեն նախ ներողություն խնդրեց լրագրողներից` երկար սպասեցնելու համար, բայց եւ նշեց. - «Դա ցույց է տալիս, թե որքան երկար եւ խորն էին քննարկումները նախ` երկու նախագահների, ապա` նախագահների եւ Մինսկի խմբի միջնորդների միջեւ»:

Այնուհետեւ, ֆրանսիացի համանախագահը վկայաբերեց այն փաստը, որ մյունխենյան բանակցությունները վեցերորդն են այս տարվա ընթացքում: «Սա աննախադեպ է այս հարցի շուրջ ընթացած բանակցությունների ողջ պատմության մեջ», - հայտարարեց Ֆասիեն` ընդգծելով, որ դա վկայում է բանակցությունների դինամիզմի եւ լրջության մասին:

«Այսօրվա հանդիպումը հատկապես երկարատեւ էր, քանի որ շատ կառուցողական, մանրամասն եւ բնույթով խորը քննարկումներ տեղի ունեցան նախագահների միջեւ բոլոր այն հիմնական տարրերի վերաբերյալ, որոնց շուրջ դեռեւս համաձայնություն չկա», - հայտարարեց միջնորդական խմբի ֆրանսիացի համանախագահը` ընդգծելով. - «Որոշ տարրեր քննարկվել են առաջին անգամ` այսպիսի մանրամասն եւ խորը ձեւով»:

«Այս քննարկումները հնարավորություն տվեցին նախագահներին, ինչպես նաեւ համանախագահներին որոշել առաջընթացի ճշգրիտ տարրերը», - հայտարարեց Բերնար Ֆասիեն` հավելելով. - «Այսօրվա բանակցությունները հնարավորություն են տվել նաեւ որոշել այն դժվարին հարցերը, որոնք դեռեւս չեն լուծվել»:

«Երկու երկրների նախագահները հանձնարարել են մեզ լուծել այդ` դժվարին խնդիրները», - գոհունակությամբ նշեց ֆրանսիացի համանախագահը:

Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը, պարզվում է, հանձնարարել են Մինսկի խմբի միջնորդներին ավելի շատ աշխատել կոնկրետ հարցերի շուրջ, եւ հիմա, ինչպես նշում են համանախագահները, իրենք շատ աշխատանք ունեն կատարելու` առաջիկա շաբաթների եւ ամիսների ընթացքում: Մասնավորապես, ակնկալվում է, որ համանախագահները պետք է հանդիպեն երկու երկրների արտգործնախարարների հետ դեկտեմբերին` ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի տարեկան հանդիպման նախօրեին:

Ասուլիսի հիմնական հարցը, անշուշտ, համանախագահների գնահատականն էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությանը` բանակցություններում առաջընթաց չարձանագրելու դեպքում խնդիրը ռազմական ճանապարհով կարգավորելու մասին:

«Պատերազմը ոչ մի դեպքում չի կարող այլընտրանք լինել», - հայտարարեց Ֆասիեն եւ հավելեց. - «Մենք ասել ենք նախագահներին շատ ուժեղ եւ հստակ կերպով, որ Մոսկվայում, Փարիզում եւ Վաշինգտոնում մեր կառավարությունները այն կարծիքին են, որ պատերազմը այլընտրանք չէ, քանի որ այն չի կարող լուծում ապահովել»:

Հարցի շուրջ մեկնաբանությամբ հանդես եկավ նաեւ ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը, որը ասաց, թե այս կամ այն հայտարարությունը կարող է պայմանավորված լինել ներքաղաքական կյանքի հանգամանքներով:

«Մենք ասել ենք նախագահներին, որ բանակցությունների այս նուրբ պահին ավելի լավ է ձեռնպահ մնալ միմյանց հանդեպ ծայրահեղ մեղադրանքներ հնչեցնելուց, առավել եւս` ուժային լուծման հնարավորության մասին», - հայտարարեց Յուրի Մերզլյակովը` հույս հայտնելով, որ կողմերը հաշվի կառնեն համանախագահող երկրերի այս դիրքորոշումը:


Հրայր Թամրազյան, Մյունխենից
Կայացավ նախագահների մյունխենյան հանդիպումը
please wait

No media source currently available

0:00 0:00:45 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG