Դաշնակցությունը չի բացառում նախագահի հրաժարականը պահանջելը

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, չի բացառում, որ կարող է պահանջել նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Այսօր Երեւանում Դաշնակցությունը հանրահավաք է անցկացնելու, որի հիմնական նպատակը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ բանակցություններում հայկական կողմի զիջումների վերաբերյալ ՀՅԴ-ի անհամաձայնությունը հնչեցնելն է:

Հարցին, թե կնպաստեն արդյոք հանրահավաքները, որ իշխանությունը հաշվի առնի իրենց պահանջները, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը պատասխանեց. - «Ես հույս ունեմ, որ [Սերժ Սարգսյանը] կլսի»:

Իսկ հարցին, թե հակառակ դեպքում հնարավոր է, որ պահանջեն Սերժ Սարգսյանի հրաժարականը, Մարգարյանը արձագանքեց. - «Ամեն ինչ հավանական է: Համենայն դեպս, սա պրոցես է: Ոչ թե, որ մենք կուզենանք նմանվել ՀԱԿ-ին... Թե ինչ կեցվածք կունենա Սերժ Սարգսյանը, ըստ այնմ մեր պայքարը կունենա իր շեշտավորումը»:

Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Ռուբեն Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հույս հայտնեց, որ այսօրվա հանրահավաքը կլինի մի նոր ճակատի ձեւավորման սկիզբը, որը «կկասեցնի զիջումների քաղաքականությունը»:

ՀՅԴ-ն պահանջում է կամ չվավերացնել օգոստոսի 31-ին նախաստորագրված հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող արձանագրությունը, կամ վերանայել դրանում որոշ ձեւակերպումներ, մասնավորապես՝ պատմաբանների ենթահանձնաժողով ստեղծելու վերաբերյալ:

«Եվ երկրորդը», - շարունակեց Ռուբեն Մարգարյանը, - «կա մի կետ, որտեղ ասվում է, որ Հայաստանը եւ Թուրքիան պարտավորվում են ճանաչել բազմակողմ եւ երկկողմ ինչ-որ համաձայնագրեր: Ենթադրվում է, որ այդ կետերի տակ թուրքերը նորից ուզում են, այսպես ասած՝ սաղացնել Կարսի 1921 թվականի պայմանագիրը»:

Դաշնակցությունը, հիշեցնենք, իշխող կոալիցիան լքեց հենց երկրի արտաքին քաղաքական հարցերում անհամաձայնության պատճառով: Կուսակցությունը պահանջել է երկրի արտգործնախարարի հրաժարականը, ղեկավար դաշնակցականները ավելի վաղ էլ չեն բացառել նախագահի հրաժարականը պահանջելը՝ կապված Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունների ընթացքի հետ: