Մատչելիության հղումներ

ՀՅԴ-ն պահանջում է արտգործնախարար Նալբանդյանի հրաժարականը


Արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը:
Արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը:

Ստեփանակերտում անցած շաբաթավերջին անցկացրած խորհրդաժողովից հետո ՀՅԴ Բյուրոն լիագումար նիստ է գումարել Երեւանում։ Որոշվել է հուլիսի 16-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի պահանջով ակցիա անցկացնել արտգործնախարարության շենքի դիմաց։

Միաժամանակ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, Դաշնակցությունը չի պատրաստվում պահանջել նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը. - «Մեր խնդիրը այն է, որ եթե, օրինակ, ոմանք պատկերացնում են, որ իշխանափոխություն ասելով [Հայ ազգային] Կոնգրեսն է կամ Կոնգրեսը կազմող ուժերից մի քանիսն էր, որ պիտի գան իշխանության գլուխ, ապա մենք ոչ մի հավաստիք չունենք, որ այդ ուժերը այս քաղաքականությունից էլ ավելի զիջողական քաղաքականություն չեն ցուցաբերի»:

Կիրո Մանոյան
Ըստ Կիրո Մանոյանի, եթե նորացված Մադրիդյան սկզբունքների հիման վրա ձեւավորվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ամբողջական փաստաթուղթը եւ այդ սկզբունքները սկսեն կիրառվել, դա կբերի նոր պատերազմի, ոչ թե կայուն խաղաղության։ Այդուհանդերձ, նրա խոսքով, իշխանափոխություն պահանջելու «պահը չէ». - «Հայաստանը իր կեցվածքի փոփոխությամբ կարող է այս վտանգավոր զարգացումները կանխել` ընդգրկել Լեռնային Ղարաբաղը բանակցային ձեւաչափ ու հասնել ավելի արդար եւ ընդունելի վերջնական համաձայնության»։

Ճշտմանը, թե արդյոք հնարավոր է դա անել` փոխելով արտգործնախարարին, հաշվի առնելով, որ արտաքին քաղաքականության որոշողը եւ դրա համար պատասխանատուն, ի վերջո, երկրի նախագահն է, Կիրո Մանոյանն արձագանքեց. - «Արտգործնախարարին եթե մեկը պիտի փոխի, էլի նախագահը պիտի փոխի, իսկ եթե փոխի, նշանակում է ինքը իր քաղաքականությունն է փոխում»:

«Կարծում եմ, պետք չէ շտապել՝ առիթն օգտագործելու մոտեցումով, որ՝ հենց հիմա առիթն է իշխանափոխության, այլ փորձել իսկապես այս քաղաքական ուղեգիծը փոխել եւ բերել հետ՝ ճիշտ հունի մեջ», - հավելեց նա:

Անդրադառնալով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների վերջին շրջանի ակտիվությանը` Կիրո Մանոյանը կարծիք հայտնեց, թե նրանք փորձում են ընդառաջ գնալ Թուրքիային. - «Որովհետեւ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու նախապայման ներկայացրել էր Արցախի հարցի կարգավորումը: Կարծում եմ, եթե այս սկզբունքների շուրջ կողմերը համաձայնություն տան, եւ համանախագահող երկրները բավարարվեն, որ սա առաջընթաց է, նաեւ դա, փաստորեն, ծառայելու է Հայաստան - Թուրքիա հարաբերություններ հաստատելուն, եւ կնշանակի, որ արդեն Հայաստանը բավարարեց Թուրքիայի առաջին նախապայմանը` Արցախի խնդրով ինչ-որ տեղաշարժ ապահովելուց հետո: Եվ կարծում եմ, սա է պատճառը, որ իրենք մի քիչ ակտիվացել են, որովհետեւ ուզում են Հայաստան - Թուրքիա հարաբերություններ հաստատելու հնարավորությունը չկորցնեն եւ, փաստորեն, ճնշում են Հայաստանի վրա, որպեսզի բավարարի Թուրքիայի այդ նախապայմանը»:

«Թեեւ ոչ մի երաշխիք չկա, որ Թուրքիան կբավարարվի միայն մեկ նախապայմանի կիրառումով, որովհետեւ Թուրքիան Հայաստանի անկախությունից ի վեր հիմնական երեք նախապայմաններ է դրել. մյուս երկուսն էլ, կարծես, արդեն ինչ-որ տեղ գտել են կամ կգտնեն հայաստան – Թուրքիա ստորագրվելիք համաձայնագրում», - հավելեց Դաշնակցության Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավարը:

«Մենք որ սկսեցինք Թուրքիայի նախապայմաններին բավարարություն տալ, հատկապես ներկայիս այս առաջարկված հիմնական սկզբունքներին համաձայնություն տալով, որպեսզի Հայաստան - Թուրքիա դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, դա արդեն նշանակում է, որ մենք մնացած նախապայմանների մեջ էլ զիջելու ենք, տեղի ենք տալու եւ Թուրքիային փորձելու ենք բավարարել», - համոզված է Կիրո Մանոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG