Այսօր առավոտյան Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել, ապա ժամեր անց ազատ է արձակվել բելառուսցի ընդդիմադիր իրավապաշտպանը, որին Բելառուսի իշխանությունները հետախուզում են 2022 թվականից:
ԵՄ երկրներից մեկում բնակվող բելառուսցի իրավապաշտպան Վիկտոր Կլիմուսը Հայաստան էր ժամանել «Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միության» հրավերով՝ մասնակցելու միջազգային համաժողովի։ Միության նախագահ Գրիգոր Երիցյանն է թվում հոդվածները, որով Բելառուսը հետախուզում է հայտարարել իրենց հյուրի նկատմամբ.
«Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն, վիրավորանքը և ծայրահեղական կազմակերպություններին աջակցելը, այսինքն՝ հայտնի ահաբեկչության հոդվածով, որով բոլոր այն մարդիկ, ովքեր պայքարել են Բելառուսի ավտորիտար ռեժիմի դեմ, հետախուզվում են: Ընդ որում, այս պահին նաև արգելք ունի երկրից բացակայելու, այսինքն՝ պետք է նաև գործընթաց սկսենք, որպեսզի կարողանանք իրեն հետ ուղարկել Լեհաստան»,- ասում է Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միության նախագահ Գրիգոր Երիցյանը:
«ԵՄ պաշտպանության տակ գտնվող մարդիկ պետք է ՀՀ-ում ևս պաշտպանության տակ լինեն». Երիցյան
Բելառուսցի իրավապաշտպանի ձերբակալության մասին ահազանգած Երիցյանը նշել է՝ Կլիմուսը գտնվում է Եվրամիության պաշտպանության ներքո։ Թեև ընդդիմադիր իրավապաշտպանը մի քանի ժամից ազատ է արձակվել, Երիցյանը տեղի ունեցածը մտահոգիչ է համարում.
«Այնուամենայնիվ, այդ երկրի քաղաքացիները, ովքեր ենթարկվել են ճնշումների իրենց երկրում, նաև ճնշումների են ենթարկվում մեր երկրում։ Ժամեր շարունակ մարդը ձերբակալված է եղել, ԵՄ պաշտպանության տակ գտնվող մարդիկ, պետք է նաև պաշտպանության տակ գտնվեն Հայաստանում, եթե Հայաստանը ձգտում է Եվրոպական միության անդամակցության։ Հնարավոր չի, որ մենք ձգտենք դեպի Եվրոպա, բայց ճնշումներից փախած մարդկանց ճնշման ենթարկենք մեր երկրի տարածքում, սա պետք է բացառել»,- շեշտում է Երիցյանը:
Բելառուսցի ընդդիմադիր իրավապաշտպանին Հայաստան հրավիրած կազմակերպության նախագահի խոսքով՝ Հայաստանի իրավապահ մարմինները մերժել են նրա նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերը։
Երիցյանի խոսքով.- «Մեջբերվել են տարբեր միջազգային կոնվենցիաներ, նաև նշվել է, որ Բելառուսում գործող այդ կարգավորումը Հայաստանում քրեական պատասխանատվություն չի ենթադրում։ Սա, կարծում եմ, շատ կարևոր նախադեպ է»:
Կլիմուսի ուղերձը Երևանից
Ավելի քան 7 ժամ անազատության մեջ մնացած բելառուսցի իրավապաշտպանն «Ազատությանն» ասաց՝ հեշտ օր չէր, թեև մի քանի ժամ քնելու և սնվելու հնարավարություն չի ունեցել, բայց ...
«Հայաստանն իր աշխարհաքաղաքական ընտրությունն է անում ու շատ ուրախ եմ, որ բելառուսցի քաղաքական ակտիվիստների համար այս երկիրն ավելի անվտանգ ու հասանելի է դառնում, բայց, ցավոք սրտի, տեղի մակարդակում բյուրոկրատիան միշտ չէ, որ նույն արագությամբ է հասցնում գնալ քաղաքական կամքի հետևից: Ես շատ կուզեի, որ բռնապետներն ու ավտորիտար ռեժիմներն այլևս չկարողանային միջազգային իրավունքի հիման վրա հայտարարված հետախուզման մեխանիզմներն օգտագործել որպես քաղաքական ճնշման գործիք՝ ակտիվիստների, իրավապաշտպանների և իրենց ընդդիմախոսների դեմ»,- ասաց Վիկտոր Կլիմուսը:
Կլիմուսին Հայաստան հրավիրած կազմակերպությունը նրա իրավունքների պաշտպանության համար դիմել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցությանը։ Գրասենյակի իրավաբանական բաժնի համակարգող Անի Չատինյանն «Ազատությանը» ասաց՝ փորձելու են օգնել, որ բելառուսցի իրավապաշտպանը կարողանա անարգել լքել Հայաստանը.
«Փորձելու ենք հետևողական լինել, որպեսզի Հայաստանը հնարավորության դեպքում թույլատրի վերջինիս հետ վերադառնա այն երկիր, որտեղ վերջինս ունի պաշտպանության հնարավորություններ: Որովհետև ինքը նաև Եվրամիության երկրներից մեկից ունի պաշտպանության հատուկ կարգավիճակ, որը հնարավորություն է տալիս չարտաքսվել այն երկիր, որտեղ կարող են խախտվել վերջինիս իրավունքները և ազատությունները»,- նշում է Չատինյանը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի քննադատ իրավապաշտպանի դեպքը միակը չէ։ «Զվարթնոց» օդանավակայանում, օրերս ձերբակալվել էր նաև ռուսաստանցի հայտնի մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին: Ռուսաստանը նախորդ տարվանից է հետախուզում հայտարարել նրա նկատմամբ՝ ահաբեկչությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակում։ Ինքը մեղադրանքը կապում է «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկչությունից հետո ռուսական իշխանություններին քննադատելու և Պուտինի վարչակարգի դեմ դիրքորոշում արտահայտելու համար։
Ի տարբերություն բելառուսցի ընդդիմադիր իրավապաշտպանի, ռուս ընդդիմադիրը 3 օր է մնացել անազատության մեջ, բայց այսօր առավոտյան ազատ արձակվեց, որովհետև Ռուսաստանի իրավապահները կալանավորման վերաբերյալ միջնորդություն չներկայացրին Հայաստանի դատախազություն։
Սակայն, ինչպես Կլիմուսի, այնպես էլ Վերբիցկիի դեպքում, ազատ արձակվելը չի նշանակում խնդրի ամբողջական լուծում։ Վերբիցկիի փաստաբան Վաչե Սիմոնյանն «Ազատությանն» ասաց՝ ռուս ընդդիմադիրը մինչ օրս չի կարողանում ազատորեն լքել Հայաստանը, քանի որ շարունակում է մնալ միջազգային հետախուզման մեջ.
«Իսրայել պիտի վերադառնա...բազմաթիվ նմանատիպ պրակտիկա ունենք, թեև Հայաստանում կարողանում ենք ինչ-որ մի դրական արդյունքի հասնենք անձանց համար. չեն արտաքսում, բայց այնուամենայնիվ, նրանց տեղաշարժը սահմանափակված է մնում, և նրանք չեն կարողանում լքել Հայաստանը։ Օրինակներ ունենք, որ մարդիկ, նույնիսկ Հայաստանում դարձել են անօթևան՝ առանց աշխատանքի, առանց կացության պայմանների, և ուղղակի, Հայաստանում են մնում: Դա չլուծված հարց է»,- ասաց փաստաբան Վաչե Սիմոնյանը:
Որ այսպիսի խնդիրները չկրկնվեն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբանական բաժնի համակարգողը կարծում է՝ Հայաստանը պետք է հրաժարվի ԱՊՀ երկրների հետ իրավական համագործակցության շրջանակում ստանձնած պարտավորություններից: Ըստ Չատինյանի՝ դա է պատճառը, որ Հայաստան մուտք գործող որոշ անձինք ձերբակալվում են միջազգային հետախուզման հայտերի հիմքով։
«Առհասարակ, այդ պահանջները կատարելուց պիտի հրաժարվենք և չկատարվեն այն պահանջները, որոնք ոչ ժողովրդավար պետությունների կողմից են Հայաստանին ներկայացվում։ Հայաստանը՝ լինելով ժողովրդավար երկիր, պիտի փորձի ապահովել մարդու իրավունքների և ազատությունների լիակատար պաշտպանությունը։ Չարիքը մնում է կախված դեռևս, իրավական չարիքը. դա համաձայնագրերն են, որոնց ստորագրումը, կատարումը, վավերացումը Հայաստանը օր առաջ պետք է հետ կանչի»,- ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբանական բաժնի համակարգողը: