Զոհերի հարազատները պահանջում են, որ իշխող ուժը հրապարակի 44-օրյա պատերազմի վերաբերյալ խորհրդարանական քննիչ հանձնաժողովի զեկույցը: Այսօր մի խումբ հարազատները այդ պահանջով դարձյալ ակցիա արեցին Ազգային ժողովի շենքի դիմաց:
Մոտ 2.5 տարի ուսումնասիրելով պատերազմի հանգամանքները, պատճառներն ու հետևանքները, նախորդ գումարման խորհրդարանում գործած հանձնաժողովն այդպես էլ չհրապարակեց իր ծավալուն զեկույցը: Այն ուղարկվեց ԱԺ գաղտնի փաստաթղթերի բաժին, իսկ լիագումար նիստում չքննարկվեց՝ ժամկետները խախտելու պատճառաբանությամբ:
Զոհվածների հարազատներն այս տարվա գարնանից են պահանջում հրապարակել, բայց իշխանությունը այդպես էլ չի ընդառաջում: Այսօր նորից խորհրդարանի մոտ էր նրանց ներկայացուցիչ Արսեն Ղուկասյանը, որ 44-օրյա պատերազմում եղբորն է կորցրել, եղբոր որդին էլ անհետ կորել է:
«Ախպերս զոհվել ա, ես պիտի չիմանա՞մ՝ իմ ախպերը ում սխալ գործողության հետևնաքով ա զոհվել, թող պատասխան տան, էն երեխեն 6 տարի ա՝ չկա չիմանա՞նք՝ ում արածի հետևանքով գնաց կորավ», - զայրացավ Արսեն Ղուկասյանը:
Ակցիային մասնակցում էր նաև հարազատների ներկայացուցիչ փաստաբան Հարություն Բաղդասարյանը, ով պնդեց, որ Ազգային ժողովը իրավունք չունի հանրությունից թաքցնել զեկույցն ամբողջությամբ:
«Մենք գտնում ենք, որ եթե հանձնաժողովը իրավունքի ուժով էր ձևավորվել, որևէ մեկը իրավունք չունի դա չհրապարակել: Ըստ այդմ նոր Աժ-ին հանրագիր ենք ներկայացնում, որ հրապարակեն»:
Նրանք իրենց հանրագիրը փոխանցեցին Ազգային ժողովի խոսնակին ու խմբակցությունների ղեկավարներին: Պահանջում են, որ վերանայեն ԱԺ նախկին նախագահի որոշումն ու հանրությանը հասանելի դարձնեն զեկույցը: