Մատչելիության հղումներ

Ընտրությունները Հունգարիայում՝ փորձաքար Օրբանի իշխանության համար

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան, արխիվ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան, արխիվ

Հունգարիայում այսօր Եվրոպական խորհրդարանի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են, որոնք դիտարկվում են որպես փորձաքար ավտորիտար վարչապետ Վիկտոր Օրբանի և նրա աջակողմյան պոպուլիստական «Ֆիդես» կուսակցության արդեն մոտ 15 տարվա իշխանության ամրության համար։

43-ամյա իրավաբան, Օրբանի նախկին դաշնակից Պետեր Մադյարի կողմնակիցների թիվը գործող կառավարությանն ուղղված կոռուպցիայի և վատ կառավարման նրա մեղադրանքների ֆոնին տարեսկզբից գնալով աճում է։

«Հարգանք և ազատություն» («Տիսա») նոր կուսակցության հիմնադիր Մագդարը երեկ հանրահավաքի ժամանակ տասնյակ հազարավոր աջակիցներին խոստացել է․ - «Եթե դուք ցանկանաք, Հունգարիան լինի արդարության, պատվի և օրենքների երկիր»։

«Հունգարիան ոչ թե Արևելքի և Արևմուտքի միջև սեպ, այլ՝ կամուրջ կլինի», - ասել է Մադյարը։

Ակնկալվում է, որ ընտրությունների արդյունքում Մադյարի կուսակցությունը տեղեր կստանա Եվրախորհրդարանում։

«Ֆիդես»-ը Եվրախորհրդարանի որևէ խմբակցությունում ընդգրկված չէ։

Օրբանը, որը Եվրամիության առաջնորդների վրդովմունքն է հարուցում Ուկրաինային օգնությանն ընդդիմանալու և Վլադիմիր Պուտինի հետ սերտ կապերի պատճառով, պնդում է, թե ընդդիմությանը ձայն տալը Հունգարիային ուղղակիորեն կներգրավի ռուս - ուկրաինական պատերազմում։ Նա ասել է, թե «Ֆիդես»-ի հաղթանակը պետք է, և կանխատեսել է իր կուսակցությանն աջակցությունը եվրոպական երկրներում, ինչը թույլ կտա խաղաղության օգտին հանդես եկող ուժերի կոալիցիա ստեղծել Եվրախորհրդարանում։



XS
SM
MD
LG