Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը չի աջակցում հարվածները ՌԴ-ին, Ուկրաինան ինքն է որոշում․ Բլինքեն


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, արխիվ

Միացյալ Նահանգները չի աջակցում կամ խրախուսում ԱՄՆ-ի ու դաշնակիցների կողմից մատակարարվող զենքի կիրառումը Ուկրաինայի տարածքից դուրս, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ միևնույն ժամանակ շեշտելով՝ Ուկրաինան ինքն է որոշում, թե ինչպես արդյունավետ կառավարել այդ զենքը:

Բլինքենն ընդգծել է՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների խնդիրն է Ուկրաինային մատակարարել այն սպառազինությունը, որն անհրաժեշտ է ռուսական ներխուժումը հետ մղելու համար։

Կիև այցի ժամանակ ևս ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել էր՝ թեև Վաշինգտոնը չի խրախուսում հարվածները Ուկրաինայի տարածքից դուրս, սակայն Կիևը «պետք է ինքնուրույն որոշումներ կայացնի, թե ինչպես վարվել այս պատերազմում»:

Կոնգրեսի մի քանի անդամներ, այդ թվում՝ հանրապետական կոմիտեի նախագահ Մայքլ Մաքքոլը, երեկ լսումների ժամանակ հարցրել էին Բլինքենին, թե ինչո՞ւ է Բայդենի վարչակազմն արգելում Ուկրաինային ամերիկյան զենքն օգտագործել Ռուսաստանում գտնվող թիրախներին հարվածելու համար, այն դեպքում, երբ Կոնգրեսը նման սահմանափակումներ չի սահմանել Ուկրաինային օգնություն հատկացնելու վերաբերյալ իր որոշումներում։

Շաբաթներ առաջ Politico-ն գրել էր, որ հաշվի առնելով Ռուսաստանի նոր հարձակումներն՝ Ուկրաինան թույլտվություն է պահանջում ամերիկյան զենքով ռուսական տարածքին հարվածելու համար։ Հրապարակման համաձայն, Սպիտակ տան դիրքորոշումը մնացել է անփոփոխ՝ մատակարարվող զենքը նախատեսված է «պաշտպանության, այլ ոչ թե Ռուսաստանի տարածքում հարձակողական գործողությունների համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG