«Կարող ե՞ք ասել, թե 71 տարեկանում՝ իմ ուժերի ծաղկման շրջանում, կրթահամալիրի էս բեղուն շրջանում, սա ասում եմ ամենայն սիրով, ինչ՞ մենք պիտի ընկնենք դատական քաշքշուկի մեջ», - հայտարարում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:
200 միլիոն դրամով պակաս պետական ֆինանսավորում՝ Բլեյանի հիմնադրած կրթահամալիրին: Նույնը եղել է նաև անցած տարի:
Փող չունենալու պատճառով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավելի քան 400 աշխատողները մարտին աշխատավարձ չեն ստացել: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրաժարվում է ստորագրել կրթահամալիրի այս տարվա ծախսերի նախահաշիվը, ինչի հետևանքով էլ Հայաստանում հեղինակային կրթություն ապահովող դպրոցը կանգնել է ֆինանսական խնդրի առջև:
«2006 թվականից մինչև 2024 թվականը գնում է կրթական համակարգը ֆինանսավորման՝ բոլորի կողմից ընդունված կարգերով, մենք էդպիսի ֆինանսական կազմակերպման կարգը ներկայացրել ենք, հրապարակել ենք, ու մեկ էլ հանկարծ՝ միջամտություն ... Ո՞րն է բանը, ի՞նչ է փոխվել», - նշեց Բլեյանը:
Փոխվել է կարգը, «Ազատության» հետ զրույցում նշում է նախարարության հանրակրթության վարչության պետը: Թամարա Սարգսյանի խոսքով՝ այս մասին կրթահամալիրում տեղյակ են:
«Երևի թե դժվարանամ հիշել, թե քանի ենք ունեցել հանդիպումներ այդ հարցի շուրջ, և կդժվարանամ նշել, թե քանի անգամ է ներկայացվել շատ հստակ և մանրամասն պարզաբանում այս կարգավորման նկատմամբ: Որովհետև ամեն բան շատ հստակ է, և որևէ մարդ չի կարող Կառավարության որոշումը շրջանցելով հաստատության համար սահմանել այլ դրույքաչափ՝ այն դրույքաչափը, որը հաստատությունը առաջարկում է կամ պատկերացնում է», - ասաց պաշտոնյան:
Թամարա Սարգսյանը պարզաբանում է, որ 2023 թվականի սեպտեմբերից աշակերտ թվով ֆինանսավորումից անցում են կատարել ըստ դասարանների ֆինանսավորման: Ըստ այդմ՝ սահմանվել է մեկ ուսուցչի վճարման դրույքի չափը: Նաև նշվել է, որ 2021-ի սեպտեմբերի դրությամբ գործող դրույքաչափը, եթե անգամ բարձր է Կառավարության սահմանածից, պահպանվում է: Աշոտ Բլեյանի հիմնադրած կառույցը այդ չափը սահմանել է 140 հազար դրամ, իրենք էլ հաշվարկներն ըստ դրա են արել: Բայց այս տարվա նախահաշվում կրթահամալիրը նախարարությանն է ներկայացրել է այլ՝ ավելի մեծ գումար՝ 160 հազար դրամ:
«Մի քիչ դժվար է էդ մոտեցումը ընդունել, որովհետև կան տարբեր տարիներին հաստատված տարիֆիկացիաներ», - ասաց Սարգսյանը:
Չնայած նախարարությունում պնդում են, որ շարժվում են օրենքով և ժամանակին կրթահամալիրի ներկայացրած թվերով, Աշոտ Բլեյանն այսօր լրագրողներին պարզաբանում էր, թե ինչու են ժամանակին ներկայացրել հենց այն թիվը՝ 140 հազար դրամը, որով էլ այսօր առաջնորդվում է նախարարությունը. - «Վրիպակ է եղել՝ ամենասովորական աշխատանքային վրիպակ, որը որևէ հետևանք չէր ունեցել»:
Մինչ Բլեյանն ու մյուսները պնդում են, որ տեխնիկական վրիպակի պատճառով է այս թնջուկը ստեղծվել, և որ այս նոր կարգից հետո անգամ նախարարությունն իրենց վճարել է ավելի շատ, քան այսօր է պատրաստ վճարել, նախարարության հանրակրթության վարչության պետը հակառակն է ասում՝ նոր կարգից հետո վճարել են հենց նրանց ներկայացրած 140 հազար դրամի չափով. - «23 թվականին էլ է 140 հազարով եղել»:
Նաև պետական բյուջեից սնվող կրթական հաստատության ֆինանսական խնդիրներն այսքանով չեն վերջանում: Իր կազմում մի քանի դպրոց, քոլեջ ունեցող համալիրը նախարարությունը դիտարկում է որպես մեկ միավոր և վճարում ըստ դրա: Հակառակ դեպքում ավելի շատ գումար կհատկացներ: Նախարարությունում վստահեցնում են՝ պարզապես պետք դրանք գրանցեն, ու խնդիրը կլուծվի:
Աշոտ Բլեյանը չի կարծում, որ այս ֆինանսական պատմության հետևում կա քաղաքական ենթատեքստ, պնդում է՝ ոչ կուսակցական է, ոչ էլ քաղաքական գործիչ: Անհանգիստ է՝ վճարված չեն կոմունալները, սաների սննդի ծախսերը: Չնայած այս խնդիրներին՝ չեն դադարեցրել աշխատանքը: Այսօր էլ ստացել են նախարարության առաջարկը՝ հինգ ամսվա գումար ստանալ նրանց սահմանած տարբերակով, դեռ քննարկում են: