Մատչելիության հղումներ

Վրաստանում Մոսկվայի և Պեկինի հետախուզական գործունեության մասին օրենք՝ ԱՄՆ Կոնգրեսում

ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոն, արխիվ
ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոն, արխիվ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրենք, որը պահանջում է Թրամփի վարչակազմից մանրամասն ներկայացնել՝ հետախուզական ինչ գործունեություն են ծավալում Ռուսաստանն ու Չինաստանը Վրաստանում։

H.R. 7668 օրինագիծը, որն առավել հայտնի է որպես «Կովկասում Չինաստանի վերահսկողության դեմ պայքարի» օրենք, արագացված կարգով քննարկվել է Ներկայացուցիչների պալատում և հաստատվել՝ երկկուսակցական աջակցությամբ։ Դրանով Կոնգրեսը պարտավորեցնում է զեկույցներ ներկայացնել Վրաստանում ռուսական և չինական հետախուզական գործողությունների, ազդեցության ցանցերի, երկրի ներսում Մոսկվայի և Պեկինի միջև համագործակցության ոլորտների և ընդհանուր առմամբ Թբիլիսիի հանդեպ ԱՄՆ ռազմավարության վերաբերյալ։

Օրինագիծն ընդունվել է ամերիկացի կոնգրեսականների աճող քննադատության ֆոնին, թե 2012 թվականից իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նահանջում է ժողովրդավարության հարցում, լռեցնում ընդդիմախոսներին և շարժվում դեպի Ռուսաստան ու Չինաստան՝ չնայած վրացիների շրջանում եվրատլանտյան ինտեգրման նկատմամբ լայն հանրային աջակցությանը։

Օրինագծի հեղինակ, հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնը քվեարկությունից հետո «Ազատությանն» ասել է, թե փաստաթղթի նպատակն է աջակցել վրաց ժողովրդին, ոչ թե երկրի ներկայիս ղեկավարությանը։

«Հակաամերիկյան «Վրացական երազանք» կուսակցությունը չի ներկայացնում վրաց ժողովրդին», - ասել է Ուիլսոնը։ - «Վրաց ժողովուրդը ցանկանում է ամուր հարաբերություններ ունենալ Միացյալ Նահանգների հետ։ Դա անելու միակ ճանապարհը քաղբանտարկյալներին ազատ արձակելն է, ազատ և արդար ընտրություններ անցկացնելը, Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի չարամիտ ազդեցությունը արմատախիլ անելը»։

Աճող տագնապ Կոնգրեսում

Օրինագծի քննարկման ժամանակ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանրապետական նախագահ Բրայան Մաստը պնդեց, որ վերջին զարգացումները «լուրջ հարցեր» են առաջացրել Վրաստանում ժողովրդավարության վիճակի վերաբերյալ։

«Ռուսաստանը 2008 թվականի ներխուժումից հետո գրավել և իր հսկողության տակ է պահում Վրաստանի ինքնիշխան տարածքի 20 տոկոսը», - ասաց Մաստը։ Միաժամանակ, մատնանշեց Պեկինի աճող ներկայությունը Վրաստանում, այդ թվում՝ ամերիկյան ընտրության փոխարեն չինական կոնսորցիումի ընտրությունը ռազմավարական նշանակություն ունեցող Անակլիայի խորջրյա նավահանգստի կառուցման համար։

«Մրցակցությունը լավ է, բայց երբ խոսքը վերաբերում է նման կարևոր ենթակառուցվածքներին, մեր գործընկերները պետք է հաշվի առնեն այն վտանգները, որ գալիս են Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից», - հայտարարեց Մաստը:

Կալիֆորնիայի դեմոկրատ ներկայացուցիչ Ամի Բերան կիսեց մտահոգությունները՝ ընունդված օրենքը նկարագրելով որպես Կոնգրեսի պատասխանը «Վրացական երազանք»-ի օրոք ժողովրդավարության նահանջին։

«Վերջին տարիներին «Վրացական երազանք»-ի ներկայիս կառավարությունը, ինչպես նաև Ռուսաստանի և Չինաստանի կողմից Վրաստանում իրականացվող արտաքին չարամիտ ազդեցությունը սասանել են Վրաստանի՝ դժվարին պայքարում ձեռք բերված ժողովրդավարական նվաճումները, կոռումպացրել են նրա որոշ պետական ինստիտուտներ և պառակտում առաջացրել ԱՄՆ-Վրաստան հարաբերություններում», - ասել է Բերան։

Դեմոկրատ կոնգրեսականը պնդել է, թե այս օրինագիծը Վրաստանում ժողովրդավարությունն ամրապնդելու, քաղաքացիական հասարակությանն աջակցելու ամերիկյան ջանքերի մի մասն է:

«Նպատակն է վրաց ժողովրդին տեղեկացնել, որ մենք նրանց կողքին ենք դեմոկրատիայի, իրավունքների պաշտպանության և եվրատլանտյան համայնքի հետ մերձեցման հարցում», - ասել է Բերան։

Վրաստանը և Չինաստանը ամրապնդում են կապերը

Օրինագիծն ընդունվել է Թբիլիսիի ու Պեկինի միջև խորացող հարաբերությունների ֆոնին։ Այսօր Չինաստանը և Վրաստանը համատեղ հայտարարեցին, որ երկկողմ հարաբերությունները բարձրացրել են «համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակի»։

«Այսօր շատ կարևոր օր է», - ճեպազրույցի ժամանակ ասել է «Վրացական երազանքի» վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ Չինաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները որակելով որպես խիստ կարևոր։

Վրաստանն ու Չինաստանն արդեն իսկ պայմանավորվել են չեղարկել երկուստեք վիզաները, ուղիղ չվերթներ սկսել և հասնել «կոնկրետ, շոշափելի արդյունքների» առևտրի և տնտեսական համագործակցության ոլորտում։

«Վրացական երազանք»-ի անօրինական ռեժիմը երկիրը վաճառում է Չինաստանի կոմունիստական կուսակցությանը և, իհարկե, պատերազմական հանցագործ Պուտինին ու Իրանին՝ վրաց ժողովրդի կամքին և Միացյալ Նահանգների շահերին հակառակ», - քննարկմանը հայտարարեց Հարավային Կարոլինայից ընտրված Ջո Ուիլսոնը։

Ամերիկացի օրենսդիրը նաև ընդգծեց՝ այսօր ընդունված նոր օրենքը կօգնի որոշել՝ արդյոք Վաշինգտոնը պետք է շարունակի էական աջակցություն տրամադրել Վրաստանին այս լարված հարաբերությունների փուլում:

Աջակցություն վրաց ժողովրդին

Չնայած Վրաստանի կառավարությանն ուղղված քննադատությանը, օրինագծի կողմնակիցները բազմիցս շեշտում էին, որ օրենսդրության նպատակն է աջակցել Վրաստանի քաղաքացիների, ոչ թե պատժել։

«Ժամանակն է, որ Միացյալ Նահանգները և Վրաստանը առաջ շարժվեն», - ասել է կոնգրեսական Մաստը՝ հավելելով. - «Դրա համար անհրաժեշտ է հստակեցնել՝ ինչ է վրաստանյան կուլիսներում, և մշակել պատասխանատու ռազմավարություն՝ ապագայի համար»։

Թբիլիսիի արձագանքը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն օրինագծի հեղինակ Ուիլսոնին անվանել է «բացարձակապես անլուրջ մարդ»։

«Մենք շարունակում ենք շփումները ԱՄՆ կառավարության, նախագահ Թրամփի վարչակազմի և Պետդեպարտամենտի հետ», - հայտարարել է Կոբախիձեն՝ հավելելով. - «Մենք կոնկրետ հարցեր ենք քննարկում և հուսով ենք, որ այդ զրույցները արդյունք կունենան»:

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, թե «Վրաստանը գործում է իր սեփական ազգային շահերից ելնելով»:

Խորհրդարանի անդամ Լևան Մախաշվիլին էլ պնդել է, որ կրկնակի ստանդարտների կիրառում է՝ քննադատել Վրաստանին Չինաստանի հետ հարաբերությունները սերտացնելու համար, հաշվի առնելով ԱՄՆ-ի և Եվրոպայի կապերը Պեկինի հետ:



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG