Հաքերները Visa-ի և Mastercard-ի հազարավոր հաճախորդների տվյալներ են գողացել

Visa և Mastercard կրեդիտ քարտեր
Visa և Mastercard կրեդիտ քարտեր

Հաքերները գողացել են Visa և Mastercard քարտերի հազարավոր օգտատերերի, ինչպես նաև JPMorgan Chase բանկի հաճախորդների տվյալները, հաղորդում է The Wall Street Journal-ը։

Պարբերականը նշում է, որ կիբեռհանցագործները տեղեկությանը հասանելիություն են ստացել՝ կոտրելով երրորդ կողմի կազմակերպությունների ենթակառուցվածքները:

Visa-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ հաքերները թիրախավորել են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ծառայություն մատուցողին, և որ հարձակվողները հասանելիություն չեն ստացել օգտատերերի վճարային տվյալներին:

Իր հերթին, ամերիկյան խոշորագույն վարկատու JPMorgan Chase-ը հայտարարել է, որ կիբեռհարձակման թիրախ են դարձել ընկերությանը ծառայություններ մատուցող երրորդ կողմերը։ Ըստ բանկի՝ արտահոսքը վերաբերում է միայն բանկի մարքեթինգային տվյալներին, այսինքն՝ սահմանափակվել է հաճախորդների անուններով և էլեկտրոնային փոստի հասցեներով:

«Հիմնվելով մինչ այժմ մեր կատարած հետաքննության վրա՝ կարծում ենք, որ հարձակվողները հասանելիություն են ստացել այդ մատակարարների կողմից պահվող որոշակի մարքեթինգային տվյալների, որոնք կարող են ներառել որոշ հաճախորդների անուններ և էլեկտրոնային փոստի հասցեներ», - ասել է JPMorgan-ի խոսնակը՝ հավելելով, որ ընկերությունը կապ կհաստատի տուժած հաճախորդների հետ անմիջապես։

Այս շաբաթվա սկզբին բանկը խնդիրներ էր ունեցել գործարքների մշակման հետ կապված՝ ծրագրային սխալի պատճառով, որն ազդել էր նաև այլ բանկերի վրա և որոշ խափանումներ առաջացրել: «Ոչ մի կապ չկա այս շաբաթվա սկզբին որոշ հաճախորդների մոտ տեղի ունեցած ծառայության խափանումների հետ», - հավելել է բանկի խոսնակը։

Mastercard-ն էլ հայտարարել է, որ արտահոսքը վերաբերում է միայն արտոնյալ պայմաններով քարտատերերի տվյալներին:

Հաքերային հարձակումը տեղի է ունեցել ԱՄՆ կառավարական գործակալությունների և խոշոր ընկերությունների, այդ թվում՝ JPMorgan Chase-ի համակարգերում մի քանի խոշոր տեխնիկական խափանումների ֆոնին:

Անցյալ շաբաթ տեխնիկական խնդիրների պատճառով ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը չորս ժամից ավելի չեղյալ հայտարարեց բոլոր չվերթները ամբողջ երկրում՝ օդային երթևեկության կառավարման կենտրոններում կապի խափանման պատճառով:

Բացի դրանից՝ մեծածավալ խնդիրներ են գրանցվել տեխնոլոգիական հսկա Microsoft-ում և խոշորագույն ավիափոխադրողներից մեկում՝ United Airlines-ում։

​
XS
SM
MD
LG