Մատչելիության հղումներ

Սահմանազատման արդյունքում Ղազախի շրջանի 4 գյուղերը վերադարձվել են Ադրբեջանին․ Մուստաֆաև


Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաև, արխիվ
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաև, արխիվ

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքների արդյունքում որոշվել է 12,7 կմ երկարությամբ սահմանագիծը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ, սահմանազատման հանձնաժողովի ադրբեջանական կողմից նախագահ Շահին Մուստաֆաևը։

Նա նշել է, որ սահմանազատման արդյունքում Ադրբեջանի Ղազախի շրջանի 4 գյուղերի՝ Բաղանիս Այրում, Աշաղը Ասկիպարա, Խեյրումլի և Կըզըլ Հաջիլի տարածքները (6,5 կմ քառակուսի) վերադարձվել են Ադրբեջանին։

Մուստաֆաևը նաև ասել է, որ այդ հատվածներն այսօրվանից անցել են ադրբեջանցի սահմանապահների վերահսկողությանը։

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) ևս հաղորդել է, որ այսօրվանից Հայաստանի սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Հայաստանի պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի հատվածների պահպանությունը։

Ըստ հաղորդման՝ պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ հատվածի պահպանությունը, մինչև 2024-ի հուլիսի 24-ը, կիրականացվի անցումային սխեմայով:

Նախքան սահմանազատման գործընթացը սկսելը պաշտոնական Բաքուն Երևանից պահանջել էր անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի ու Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այդ գյուղերը դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։

Փաստացի, այդ գյուղերը 90-ականներից գտնվում են հայկական կողմի վերահսկողության տակ։ Դրանց մոտով են անցնում դեպի Վրաստան միջպետական ճանապարհը, Հայաստան մտնող գազամուղը։

XS
SM
MD
LG