Գլխավոր դատախազությունը վերաբացել է Հուրգադա-Երևան՝ 7 տարի առաջ չեղարկված ու մեծ աղմուկ բարձրացրած թռիչքների քրեական գործը։ Իրավապահները հակամրցակցային գործունեության համար մեղադրանք են առաջադրել տուրիստական միանգամից 7 ընկերության տնօրենների, նյութերն ուղարկվել են դատարան։
Հայաստանից ավելի քան 130 քաղաքացի 2019-ի ամռանը ծովափնյա հանգստի էր մեկնել Հուրգադա, ու հանգստից հետո հայաստանցի զբոսաշրջիկները պարզել էին՝ վերադառնալ չեն կարող, քանի որ տուրօպերատորը՝ «Էյ Ընդ Ար տուր»-ը չի վճարել ավիափոխադրողին։
Ի վերջո, նրանց հաջողվեց ժամանել Երևան, այն ժամանակ պետական բյուջեից կառավարությունն ավելի քան 50 միլիոն դրամ տրամադրեց՝ առանձին չարտերային թռիչքներ կազմակերպելու համար։ Իսկ քրեական գործը, որ սկզբում հարուցվել էր «Էյ Ընդ Ար տուր»-ի տնօրենի դեմ՝ առանձնապես խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու հոդվածով, 2024-ին դադարեցվել էր վաղեմության ժամկետն անցնելու ու մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքերով։ Այս գործով տուժող էին ճանաչվել Կառավարությունը, զբոսաշրջիկներ ու առանձին տուրիստական ընկերություններ, որոնք վաճառել էին տուրօպերատորի փաթեթները։
Այս նոր քրեական վարույթով չվերթների չիրականացման համար մեղադրվում է ոչ թե «Էյ Ընդ Ար տուր»-ը, այլ 7 այլ տուրօպերատորներ, որոնց անունները դատախազությունը չի բացահայտում։
«Որպես տուրիստական գործունեություն ծավալող 7 ընկերությունների ղեկավարներ՝ հակամրցակցային համաձայնություն ձեռք բերելու արդյունքում հրաժարվել են վերոնշյալ տուրիստական ընկերությանն ավիատոմսեր վաճառելուց և այդ ընկերության հետ աշխատող գործընկերների հետ համագործակցելուց: Նկարագրված հակամրցակցային գործողությունների հետևանքով տվյալ ընկերությունը, գտնվելով մրցակցության սահմանափակման մեջ, հնարավորություն չի ունեցել պատշաճ իրականացնել տուրիստական գործունեություն. 130 հայ զբոսաշրջիկներին Եգիպտոսի Հուրգադա քաղաք տեղափոխելուց հետո չի կարողացել կազմակերպել նրանց վերադարձը Հայաստանի Հանրապետություն», - հաղորդում է դատախազությունը:
«Տուրիզմի միացյալ ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահ Սեդա Աղբալյանը, որը նաև տուժող գործակալություններին է ներկայացնում, ասում է. «Տուժողները երբևէ չեն տեղեկացվել հակամրցակցային համաձայնությունների մասին, բայց հիմա տեղեկացվեցին, դատախազության հաղորդագրությունից պարզ դարձավ, որ այդ հոդվածով է գործն ուղարկվել դատարան, այսինքն՝ եղել են հակամրցակցային համաձայնություններ, դա եղել է ոչ թե խարդախության դեպք, այլ եղել է հակամրցակցային համաձայնություն 7 ընկերությունների կողմից, որի արդյունքում տվյալ նոր խաղացողը շուկայից դուրս է մղվել»:
Ավելի քան 70 գործակալություններ միավորող հասարակական կազմակերպության նախագահը կարծում է՝ այս քրեական գործը կարող է կանխել հետագա հակամրցակցային համաձայնությունները տարբեր ընկերությունների միջև։
«Եվ կրկին շուկա որևէ նոր խաղացող չի կարողանում մտնել, սա հենց այդ դեպքն էր, որ փաստորեն շուկայից դուրս մղվեց նոր մասնակից, ընդ որում՝ մասնակիցը համագործակցում էր օտարերկրյա ընկերության հետ: Սա, կարծում եմ, բավականին լուրջ քայլ է, ինչ-որ առումով կկանխի հետագայում հակամրցակցային համաձայնությունները տարբեր ոլորտներում, շատերը կհասկանան, որ այդպիսի գործելակերպով հնարավոր չէ անպատիժ մնալ և կվերանայեն իրենց գործունեության ձևը», - շեշտեց Սեդա Աղբալյանը:
Նրա խոսքով՝ ոլորտի տարբեր ընկերություններից իրենք դեռ բողոքներ են ստանում հակամրցակցային համաձայնությունների մասին. «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություն սկսեց տուրիզմի ոլորտում և պատրաստվում էր արդյունքները հրապարակել դեկտեմբերին, սակայն այդպես էլ դեռ հրապարակում չի եղել: Ամեն դեպքում, ուսումնասիրությունը հանձնաժողովի կողմից բացված է, և կարծում եմ՝ դեռ շարունակվում է:
Հենց հակամրցակցության մասով մենք դիմումներ ենք ստացել և դիմել ենք, մի քանի դիմում էլ տվել ենք, և փաստերով հիմնավորել է ֆեդերացիան, որովհետև ստանում է բողոքներ, բայց դրանց ընթացք չի տրվել, մեր հայցերը մերժվել են Մրցակցության և սպառողների պաշտպանության հանձնաժողովի կողմից»:
Դեպի Եգիպտոս չվերթներ կազմակերպող մի քանի խոշոր խաղացողներ կան: