Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին, հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
Կառավարության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Եվրամիություն համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր։
«Մտքեր են փոխանակվել բարեփոխումների օրակարգի, իրավունքի գերակայության ամրապնդման, տնտեսական համագործակցության, ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկ դիմակայունության, ինչպես նաև տարածաշրջանային կայունության և խաղաղության օրակարգի շուրջ»,- ասված է կառավարության տարածած հաղորդագրությունում:
Հաղորդվում է, որ Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպանների հետ հանդիպմանը կարևորվել է «բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականությունը և փոխգործակցության ընդլայնումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»:
Օրերս ԵՄ-ից հայտնել էին, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն այս շաբաթ կժամանի Հայաստան՝ Ռուսաստանի կողմից քաղաքաքական ճնշման ֆոնին՝ ընդգծելու Բրյուսելի աջակցությունը Հայաստանին:
Հաղորդվել է, որ Եվրահանձնաժողովի նախագահը կայցելի նաև Ադրբեջան:
«Ֆոն դեր Լայենի՝ Հարավային Կովկաս կատարելիք այցի նպատակն է՝ ցույց տալ ԵՄ-ի աջակցությունն այդ երկրներին»,- Reuters-ի փոխանցմամբ հաղորդում են Եվրամիությունից:
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն էլ հուլիսի 5-ին կայցելի Հայաստան: