Մատչելիության հղումներ

Վարչապետի այցի օրը չարենցավանցի Գևորգ Հակոբյանն ու իր ընկերները դարձյալ մի քանի ժամ իրավապահների հետ են անցկացնել

Մինչ վարչապետն անցած շաբաթ օրը շրջում էր Չարենցավանի փողոցներում, ապա իր թիմակիցների հետ պարում այդ քաղաքի ռեստորաններից մեկում, չարենցավանցի Գևորգ Հակոբյանն ու իր երկու ընկերները դարձյալ ստիպված էին մի քանի ժամ իրավապահների հետ անցկացնել: Ընդդիմադիր հայացքներով տղամարդկանց այս անգամ էլ չհաջողվեց տեսնել Նիկոլ Փաշինյանին:

«Ես էլ չեմ պատկերացնում մենք ասենք էդ հինգ հոգով կամ տասը հոգով ինչ պետք ա անեինք, որ էդ մեր հզոր վարչապետը տենց վախենում ա, կաշկանդվում ա մեզանից», - ասաց նա՝ նշելով, - «Ես առնվազն երեք անգամ իմ կամքով գնացել եմ էնտեղ, որ ինձ հարցաքննեն, էդ մարդիկ ասել են՝ «կա՛մ հարցաքննելու բան չկա, կա՛մ որ պետք լինի, կկանչենք», մինչև էդ որևիցե պաշտոնական բան չի եղել, էդ օրը՝ ժամը տենց 4-5-ի կողմերը իմանանք, որ երեքիս էլ միաժամանակ՝ նույն ժամին՝ ամսի 21-ին կանչել են իբր թե հարցաքննության էլի»:

Անհանդուրժողականություն հրահրելու կամ քարոզելու հոդվածով գործը Քննչականը հարուցել է երկու ամիս առաջ, երբ Գևորգ Հակոբյանն ու նրա ընկերները պատրաստվում էին Նիկոլ Փաշինյանի՝ Չարենցավան նախորդ այցի ժամանակ բողոքի ակցիա իրականացնել ու «ոչ Նիկոլ, մի քանդիր եկեղեցին, վերադարձնել անձնագրայինը և Արցախը Հայաստան է» գրությամբ թռուցիկներ բաժանել հավաքվածներին: Տղամարդիկ, սակայն, այն ժամանակ ոչ վարչապետին էին տեսել, ոչ էլ նրան ուղեկցող մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին. ակցիան չմեկնարկած նրանց բերման էին ենթարկել, մի քանի ժամ անազատության մեջ պահել ու միայն Փաշինյանի այցից հետո ազատ արձակել: Հենց այդ ժամանակ էլ քրեական վարույթ էին նախաձեռնել ու առգրավել Գևորգ Հակոբյանի հեռախոսը, նրա ընկերներից մեկին պատկանող էլեկտրատեխնիկան:

Հաջորդող երկու ամիսներին ոչ մի նորություն տղամարդիկ չեն ունեցել, ոչ հարցաքննության են կանչել, ոչ էլ վերադարձրել առգրաված իրերը և վարչապետի արդեն այս այցի նախորդ օրը Քննչականից ծանուցագիր են ստացել՝ ներկայանալ հարցաքննության, որն ի դեպ նշանակվել էր ճիշտ այն ժամին, երբ Փաշինյանին էին Չարենցավանում սպասում. ընդ որում՝ Հակոբյանի դեպքում պատմությունը գրեթե նույնությամբ է կրկնվել. ժամը 3-ին են հրավիրել, ցանկացել է մի փոքր ավելի ուշ գնալ, իրավապահներն անմիջապես եկել են բերման ենթարկելու:

«Մենք բոլորս էլ պատրաստվում էինք գնալ, բայց քանի որ իրենք 3-ին էին կանչել բոլորիս, տրամաբանորեն ասենք գնայինք էնտեղ կանգնեինք ինչ անեինք, մեր ընկերներից մեկը կոնկրետ ժամը 3-ին գնացել էր էնտեղ, որ մի ժամ կամ կես ժամվա տարբերությամբ էլ ես գնայի: 3:30-ի կողմերն էր, ուզում էի պատրաստվեի գնայի, մեկ էլ տեսնեմ Կոտայքի մարզային քրեական ամբողջ աշխատողները մոտ տասը հոգի իրենց հինգ-վեց մեքենաներով շրջափակեցին ամբողջ, իբր թե բերման ենթարկեցին», - պատմեց Գևորգ Հակոբյանը:

Չարենցավանցի տղամարդը պնդում է՝ այս ամենն արվել է իրեն ու ընկերներին մեկուսացնելու համար: Քննչական կոմիտեն առայժմ պարզաբանումներ չի տվել, ինչո՞ւ են հենց վարչապետի այցի օրը քննիչի մոտ հրավիրել: «Ազատությանը» հորդորեցին գրավոր դիմել, Քննաչական կոմիտեի ուղարկած ծանուցագրերում գրված է, որ տղամարդիկ վկայի կարգավիճակ ունեն:

«Հարցնելու բան էլ չկար էնտեղ, մենք էինք իրանց հարցնում, կոնկրետ ես էի իրանց հարցնում, չէին կարողանում պատասխանել...Հարցնում էին՝ «անուն ազգանունդ ոնց ա, ծննդյանդ թիվը որն ա, որտեղ ես բնակվում», ես էլ ուրջ չէի ընդունում էլի», - նշեց նա:

Գևորգ Հակոբյանի խոսքով՝ անցած շաբաթ օրը, եթե ստիպված չլինեին մի քանի ժամ իրավապահների կողքին անցկացնել Փաշինյանի առջև քաղբանտարկյալների հարցը կբարձրացնեին: Այդուհանդերձ, Փաշինյանը Չարենցավանում մի կոշտ քննադատի հանդիպեց. «Արցախը Հայաստան է, պարոն Փաշինյան, գիտե՞ք»:

Հակոբյանն «Ազգային ժողովրդավարական բևեռին» է աջակցում, այդ քաղաքական ուժի ներկայացուցիչ Արմինե Սախոյանին հաջողվեց տեսնել վարչապետին, նրանց միջև կարճ բանավեճ սկսվեց. «Դուք ձեր ընտրական ծրագրում ներկայացրել եք , որ դուք Ղարաբաղի անվտանգության երաշխավորն եք, դուք Ձեր խոսքը չեք կատարել ու հիմա ասում եք՝ պատերազմ է լինելու..»:

«Ես 2022 թվականին ճանաչել եմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որովհետև մենք պարտավոր ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչել», - արձագանքեց Փաշինյանը:

Ինքը՝ այդպես էլ չիրականացված բողոքի ակցիայի համար իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված Գևորգ Հակոբյանը վստահեցնում է՝ չի վախենում, այս մեթոդներով չեն լռեցնի. «Քանի ինքը գա Չարենցավան, մենք տարբեր ժամանակ իր դեմ ակցիաներ ենք անելու»:



XS
SM
MD
LG