Վանաձորի թիվ 7 տնակային մանկապարտեզի պատերին դեռ պահպանված ռուսերեն գրառումները հիշեցնում են՝ այս կառույցը Հայրենական մեծ պատերազմի տարիներից ծառայել է որպես խորհրդային բանակի զորամաս: Տասնամյակներ անց քարե երեսպատմամբ փայտյա այս շինությունում «3-րդ մաս» կոչվող թաղամասի երեխաներն են կրթվում. փայտի վառարաններով տաքացվող սենյակներում երկու խումբ է գործում: Ներսում նկարահանելու թույլտվություն «Ազատություն»-ը չստացավ, բայց դրսից էլ ակնհայտ է՝ նախկին զորամասն անմխիթարական վիճակում է:
Այս տնակային մանկապարտեզը քանդելու և նորը կառուցելու մասին քաղաքային իշխանությունները խոսում են դեռ 2023 թվականից: 2024-ի տարեմուտի ուղերձներում քաղաքապետարանից վստահեցնում էին՝ սա քաղաքի վերջին տնակային մանկապարտեզն է, որը տարեվերջին արդեն պատրաստ կլինի:
Չնայած խոստումներին՝ ավելի քան 1.5 միլիարդ դրամ արժողությամբ նախագիծը միայն հիմա է փորձաքննություն անցնում: Շինարարությունը նախ 2024-ի սուբվենցիոն ծրագրերից տեղափոխվեց 2025, իսկ օրերս հայտարարվեց նոր ժամկետ՝ 2026 թվական:
Չնայած պաշտոնական պնդումներին, թե թիվ 7-ը վերջին տնակայինն է, Վանաձորում կան նույնքան վատթար պայմաններով այլ մանկապարտեզներ ևս: «Կոնգո» կոչվող թաղամասի թիվ 3 մանկապարտեզի քայքայված փայտե պատերին միակ նորությունը փայլող ցուցանակն է:
Թեև 2025-ի տարեկան հաշվետվության մեջ նշված է, թե 190 միլիոն դրամանոց ծրագրի մեկնարկն արդեն տրված է, իրականում անգամ շինարարության մրցույթը հայտարարված չէ: Մանկապարտեզը տեղում է, երեխաներն ու աշխատողներն էլ՝ ներսում: Տնօրեն Գոհար Քոչարյանը «Ազատության» հարցերին կարճ պատասխանեց. - «Խոսք եղել է 3-րդ մանկապարտեզի մասին, քաղաքապետարանը իր խորհրդակցությունների ժամանակ էդ հարցին անդրադարձել է և տեղյակ ենք, և մենք պետք է արդեն աշխատանքները կատարենք»:
Անցած տարի ավարտին հասցվեց թիվ 8 մանկապարտեզը, որի շինարարությունը ծրագրերում էր դեռ 2021-ից: Իսկ թիվ 4 տնակային մանկապարտեզի աշխատանքները, որոնք պետք է ավարտվեին 2023-ին, ըստ պաշտոնական տվյալների, դեռ 80 տոկոսով են իրականացված: Մինչ նախագծերը թղթից թուղթ են փոխանցվում, թիվ 3 և թիվ 7 տնակային մանկապարտեզներ շարունակում է հաճախել 90 երեխա: