ԱՄՆ-ում երկուշաբթի օրը ձերբակալվել է 26-ամյա Լուիջի Մանջիոնեն, ով կասկածվում է UnitedHealthcare-ի տնօրենի սպանության մեջ, հաղորդում է BBC-ին։
Մանջիոնեին ձերբակալել են McDonald's-ում՝ գիրք կարդալիս։ Նրան ճանաչել է ռեստորանի աշխատակիցը ոստիկանության տարածած լուսանկարներից:
ԱՄՆ-ի ամենամեծ առողջապահական ապահովագրական ընկերության՝ UnitedHealthcare-ի գործադիր տնօրեն Բրայան Թոմփսոնը սպանվել է Նյու Յորքում՝ Մանհեթենի կենտրոնում, Hilton հյուրանոցի մոտ անցած չորեքշաբթի: Կասկածյալի մասին տեղեկությունների համար 60 հազար դոլար պարգևավճար էր առաջարկվել։
Մանջիոնեի մոտ հայտնաբերվել են միջադեպի հետ առնչություն ունեցող մի քանի իրեր, այդ թվում՝ դիմակ, հրազեն, ասել է Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը:
Նա ձերբակալվել է զենք կրելու համար։ Նրան դեռ մեղադրանք չի առաջադրվել Բրայան Թոմփսոնի սպանության համար։
Ձերբակալության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել են նաև անձը հաստատող մի քանի փաստաթղթեր՝ մեկն իր իրական անունով, մյուսը՝ կեղծ, ինչպես նաև ԱՄՆ անձնագիր և Նյու Ջերսիի անձը հաստատող կեղծ փաստաթուղթ, որն օգտագործել է Նյու Յորքի հանրակացարան մուտք գործելու համար:
Ըստ ոստիկանության՝ տղայի մոտ հայտնաբերվել է նաև ձեռագիր «երեք էջանոց մանիֆեստ», որը, ըստ երևույթին, պարունակում է հարձակման դրդապատճառը, լրագրողներին ասել է ոստիկանության ներկայացուցիչը: