Ուկրաինական անօդաչուների հարվածները ռուսաստանյան Yandex-ի տվյալների երեք կենտրոններին մեծապես խաթարեցին առօրյա կյանքը Ռուսաստանում և մյուս երկրներում, որտեղ տեխնոլոգիական ընկերությունը գործում է: Հաղորդվում է, որ հարվածների հետևանքները վերացնելու համար ամիսներ կպահանջվեն:
Yandex-ի ամպային համակարգչային ծառայություններն օգտագործող խոշոր ընկերություններ են զգացել հետևանքները՝ սկսած սննդի առևտրի «Մագնիտ» և «Լենտա» շղթաներից մինչև նորաձև հագուստի խանութների «Լամոդա» ցանցը: Ոմանք, որ սիրավեպ են փնտրում ծանոթությունների Twinby կայքում, նույնպես հիասթափված էին:
Այլոք չէին կարողանում ճամփորդել տաքսու Yandex Go հավելվածի օգնությամբ կամ հասանելիություն ստանալ իրենց դրամական միջոցներին Yandex Pay հավելվածով, որոնք երկուսն էլ օրական միլիոնավոր ռուսաստանցիներ են օգտագործում: Էլեկտրոնային փոստի Yandex ծառայությունը ևս տոուժել է:
Թեև մի շարք առանցքային ծառայությունների աշխատանքը վերականգնվեց մինչև հոկտեմբերի 12-ը, հարձակումներն ի ցույց դրեցին խոցելիություններ, որոնք տեխնոլոգիական արդյունաբերության օպերատորներն այժմ շտապում են շտկել:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հոկտեմբերի 13-ին լրագրողներին ասաց, որ Yandex-ը «դժվարությունների է բախվել, և, անշուշտ, թեման քննարկվում է կառավարությունում»: Նա հավելեց, որ Yandex-ը «շտապ միջոցներ է ձեռնարկում այդ հարձակման հետևանքների վերացման համար»:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ Yandex-ի կենտրոնների վրա հարձակումները պատասխանն էին ուկրաինական կենտրոններին ռուսական հարվածների, որոնք խաթարել են ինտերնետային և բջջային ծառայությունները Ուկրաինայում:
Yandex-ը հաճախ անվանում են «ռուսական Google», չնայած այն վաճառել է իր որոնման համակարգը 2024 թվականին և մատուցում է այլ ծառայություններ, ինչպես, օրինակ, ուղևորափոխադրումներ և սննդի առաքումներ, որպիսիք Google-ը չի մատուցում:
Համաձայն ընկերության 2025 թվականի հաշվետվության՝ Yandex-ը Ռուսաստանում տվյալների հինգ կենտրոն ունի:
Երեք գլխավորները թիրախավորվածներն են՝ Սասովո, Կալուգա և Վլադիմիր: Դրանցից զատ, տվյալների ավելի փոքր կենտրոններ կան Միտիշչիում և Իվանտեևկայում՝ երկուսն էլ Մոսկվայի մարզում: Yandex-ը 2025 թվականին տվյալների երկրորդ կենտրոն է բացել Վլադիմիրում, որը լրատվամիջոցների որոշ հաղորդումներում առանձին է հաշվվում, ինչով երկրում կենտրոնների թիվը հասնում է վեցի:
Տեսանյութում՝ Ուկրաինան երրորդ հարվածն է հասցնում «ռուսական Google»-ին.
Ուկրաինայում Yandex-ի նախկին ղեկավար Սերհիյ Պետրենկոն «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Current Time նախագծին ասաց, որ «Ռուսաստանում տվյալների կենտրոնների շուրջ 80 տոկոսը տեղակայված են Մոսկվայում և Մոսկվայի մարզում»: «Հետևաբար, անշուշտ, հարվածները շարունակվելու են և, բնականաբար, ավելի ու ավելի մեծ վնաս են պատճառելու», - ընդգծեց Պետրենկոն:
Նրա խոսքով՝ Yandex-ը կորցրել է «իր հզորությունների կեսը կամ կեսից ավելին» և «չի կարող շարունակել գործել նույն ֆունցիոնալությամբ»:
Այլ փորձագետներ նշեցին, որ Ռուսաստանի տվյալների կենտրոններն ավելի համակենտրոնացված են, քան Ուկրաինայինը, և դրանով իսկ ավելի խոցելի են:
Բրեմենի համալսարանի Արևելաեվրոպական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Նիկոլայ Միտրոխինը սոցցանցում գրել է, որ Ռուսաստանի տվյալների կենտրոնների 95 տոկոսը ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հասանելիության սահմաններում են: Կիևը, հավելել է նա, «ունի ամեն կարողություն՝ Ռուսաստանին հետ մղելու անալոգային դարաշրջան»:
Առաջին երկու հարվածներից հետո Yandex-ի հրապարակած հայտարարությունում ասված էր. - «Տվյալների կենտրոնները Yandex-ի երկաթյա սիրտն են»: «Միլիոնավոր օգտատերեր ստուգում են երթևեկությունը և ծրագրում ճանապարհները, երաժշտություն են լսում, ֆիլմեր են դիտում, սնունդ են պատվիրում և ստանում իրենց հարցերի պատասխանները: Մեր տեխնոլոգիան օգնում է հարյուր հազարավոր ընկերությունների վարել իրենց բիզնեսները», - հավելել է Yandex-ը:
Ըստ հայտարարության՝ ընկերության աշխատակիցները «զօր ու գիշեր աշխատում են» իրավիճակը կարգավորելու համար: Ռուսաստանյան լրատվամիջոցները հաղորդում են, որ դա կարող է ամիսներ տևել, քանի որ արևմտյան պատժամիջոցները սահմանափակում են որոշ անհրաժեշտ նյութերի և սարքավորումների մատակարարումը:
«Վերջին մի քանի օրերին սերվերների և տվյալների մշակման սարքավորումների գինը Ռուսաստանում աճել է 10-15 տոկոսով», - Fontanka ինտերնետային անկախ պարբերականին ասել է «Մոբայլ Ռիսըրչ Գրուփ»-ի վերլուծաբան Էլդար Մուրտազինը:
Թիրախավորված տարածքներում տեղակայված են Yandex-ի երեք գերհամակարգիչները, որոնց անվանումներն են «Չերվոնենկիս», «Լյապունով» և «Գալուշկին», թեև ընկերությունը չի հաղորդել դրանց վնասվելու մասին:
Ռուսաստանից դուրս
Yandex-ը միջազգային խաղացող է, որն անցած տարի հաղորդել է շուրջ 11 միլիարդ դոլար գլոբալ եկամուտների մասին, գրասենյակներ ունի մի քանի հետխորհրդային երկրներում և ուղևորափոխադրումներ է իրականացնում այլուր Եվրոպայում և Աֆրիկայում:
Այդ ծառայություններից մի քանիսը ակներևաբար տուժել են ուկրաինական հարվածներից հետո:
Մոլդովայում, օրինակ, Yandex Go-ն զբաղեցնում է տաքսի ծառայության շուկայի շուրջ 60 տոկոսը: Հոկտեմբերի 12-13-ը այն հաճախորդներին ծանուցեց տեխնիկական խնդիրների մասին՝ առանց հայտնելու պատճառը:
Ձգձգումների, վարորդների և ուղևորների առջև ծառացած դժվարությունների մասին հաղորդումներ եղան Ղազախստանից՝ պատճառ դառնալով Ռուսաստանի թվային ենթակառուցվածքներից երկրի կախվածության վերաբերյալ մտահոգությունների:
Հաղորդվեց նույնպիսի խնդիրների մասին նաև Հայաստանում ու Բելառուսում, իսկ Սերբիայում Yandex-ից «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Բալկանյան ծառայությանն ասացին, որ իրենց տաքսու հավելվածի հետ «ներկայումս կարող են դժվարություններ լինել»:
«Սա դաս է Ղազախստանի և Հայաստանի պես երկրների համար, որոնք խիստ կախված են Yandex-ի տաքսի և քարտեզային ծառայություններից», - Current Time-ին ասել է թվային իրավունքների ակտիվիստ Սարգիս Դարբինյանը:
«Yandex-ի համար սա նշանակում է, որ ընդլայնում չի լինելու: Հակառակը՝ նրա ազդեցության ոլորտը կնեղանա, և օտարերկրյա օգտատերերը կհրաժարվեն այն ծառայություններից, որոնք հիասթափեցրել են իրենց», - ընդգծել է թվային իրավունքների պաշտպանը: