Մատչելիության հղումներ

«Ցինիզմ և ծաղր». 190 բողոք 4 օրում՝ «Վեոլիա ջրի» դեմ, հանձնաժողովը մերժել է վարույթ հարուցել

Մարտի սկզբին իրավաբան, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը «Վեոլիա Ջուր» ընկերության դեմ բողոք էր ուղարկել Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով: Նա նաև դիմումի օրինակ էր հրապարակել՝ հորդորելով քաղաքացիներին լրացնել դա և կրկին հանձնաժողով ուղղել իրենց դժգոհությունները: 4 օրում հանձնաժողովը շուրջ 190 բողոք էր ստացել, սակայն մերժել է վարույթ հարուցել և դիմումները վերահասցեագրել է Տարածքային կառավարման նախարարություն:

«Ցինիզմ և ծաղր, հենց այսպես կարելի է որակել Մրցակցության և շահերի պաշտպանության որոշումը չհարուցել վարույթ «Վեոլիա ջուր» ընկերության նկատմամբ», - արձագանքում է Արփինե Հովհաննիսյանը:

Արփինե Հովհաննիսյան, արխիվ
Արփինե Հովհաննիսյան, արխիվ

Հովհաննիսյանն ու քաղաքացիները բարձրացրել էին 4 հիմնական խնդիր՝ խմելու ջրի որակ, հավելագրումներ, ջրամատակարարման գրաֆիկ, հաշվիչներ և տուգանքներ։

Ըստ Արփինե Հովհաննիսյանի՝ հենց այս հանձնաժողովը լիազորություն ուներ վարույթ հարուցելու, սակայն նրա կարծիքով՝ դա չի արել՝ քաղաքական որոշման պատճառով. «Քանզի հանձնաժողովն անկախ չէ ու քանզի կառավարությունը թույլ չի տվել հարուցել վարույթ, կարծում եմ, «Վեոլիա ջուր» ընկերության նկատմամբ: Սա եզակի դեպքերից է, որտեղ կա տեղ ու լիազորություն իրենք ունեին մտնել ու սպառողի շահերի պաշտպանության խնդիրը արդյունավետ կերպով լուծել, բայց չարեցին»:

Քաղաքական որոշման վերաբերյալ Արփինե Հովհաննիսյանի պնդումը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը չի ընդունում: Վարույթ չհարուցելու պատճառն էլ, ըստ հանձնաժողովի, այն է, որ բարձրացված հարցերը դուրս են իրենց լիազորություններից և կարող են գտնվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կազմում գործող Ջրային կոմիտեի իրավասության ներքո, այդ պատճառով էլ նամակները վերահասցեագրվել են այնտեղ։

Ջրային կոմիտեից էլ ասում են՝ կոմիտեի նախագահին ուղղված նամակ Արփինե Հովհաննիսյանից չեն ստացել. «Քաղաքացի Արփինե Հովհաննիսյանը հարցում էր ներկայացրել Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով, ինչպես նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին: Երկու դեպքում էլ քաղաքացու հարցումները վերահասցեագրվել էին Ջրային կոմիտեին ու Ջրային կոմիտեն էլ վերահասցեագրված հարցադրումներին հանգամանալից պատասխան տրամադրելու նպատակով իր հերթին դիմել էր «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին, որտեղից ամփոփ տեղեկատվություն են մեզ տրամադրել, որը մարտի 19-ին փոխանցվել է Արփինե Հովհաննիսյանին»:

Արփինե Հովհաննիսյանը համաձայն չէ, Մրցակցության հանձնաժողովի պնդմանը, թե Ջրային կոմիտեն է հարցերի հասցեատերը. «Համաձայն չեմ ոչ իրավաբանորեն և ոչ էլ քաղաքական առումով, բայց եթե իրենք համարում են, որ այդ մարմինն է պատասխանատու այդ հարցերի համար, ապա անպայմանորեն նամակը հասցեական ադեն կուղարկեմ Ջրային կոմիտե»:

«Վեոլիա ջուր» ընկերությունն 8 էջանոց նամակում հասցե առ հասցե անդրադարձել էր Հովհաննիսյանի նշած բաժանորդների խնդիրներին, իսկ ջրամատակարարման գրաֆիկի վերաբերյալ բողոքները չեն ընդունել՝ պնդելով, թե ջրամատակարարման տևողության վատթարացում չկա:

«Ասում է՝ «Երևանում 23 ժամից պակաս չպետք է մատակարարեմ, ես 25 թվականին 23,1 ժամ եմ մատակարարել»: Գյուղական բնակավայրերի հարգելի քաղաքացիներ, դուք իսկապե՞ս 20 ժամ ջուր եք ստանում, էս մարդիկ ասում են, որ հավաքական կերպով 20,1 ժամ ջուր են տվել: Սա օֆիցիալ պատասխանն է «Վեոլիա ջուր» ընկերության», - ներկայացրեց Հովհաննիսյանը:

«Սա ընդհանուր ջրամատակարարման համագումարային ժամերն են, բայց այս թվերն իրականության հետ կապ չունեն», - կարծում է արդարադատության նախկին նախարարը՝ համարելով, որ «Վեոլիա ջուր» ընկերության այս պատասխանը՝ ցինիզմ է: Արփինե Հովհաննիսյանը հիշեցնում է՝ համացանցը ողողված է քաղաքացիների դժգոհություններով, մի տեղ առավելագույնը 5 ժամ ջուր ունեն, մյուսում երեկոյան 8-ից են անջատվում ջրերը, հաջորդում էլ անգամ եթե կա ջուր, ապա որակն այն չէ:

«Չինովնիկական մտածելակերպն ու սպառողի շահ չտեսնելն ու ընդամենն ինչ-որ քառակուսի մեկնաբանություններ բերելն ակնհայտ դարձրեցին, որ այս մարդիկ մեզ ընդամենը մի բան են ասում՝ «եթե վեց ժամից ձեր ջուրը պակասի, կգնանք, կդիմեք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով», - ասաց նա:

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանին Մրցակցության հանձնաժողովից տեղեկացրել են՝ մատակարարը՝ «Վեոլիա ջուր» ընկերությունը պարտավոր է բաժանորդին ժամը 07:00-24:00-ն ընկած ժամանակահատվածում ապահովել ամենօրյա առնվազն 6-ժամյա ջրամատակարարմամբ: Այս պատասխանից հետո նախկին նախարարն այսպիսի եզրահանգման է եկել՝ «Վեոլիա ջուր» ընկերությունն անխոցելի է:

«Այն դեպքում, երբ վեց ժամից ավելի են ջուր տալիս ու 23 կամ 20 ժամից համապատասխանաբար քաղաքային ու գյուղական բնակավայրերում ջուր են տալիս, որևէ պետական մարմին «Վեոլիա ջրին» որևէ իրավունք չունի բան ասելու: Իրենց պայմանագրային պարտականությունների շրջանակում են դա անելու, ու Ջրային կոմիտեն կամ նախարարությունը անգամ բացառապես որպես քաղաքային միջամտություն կարող են ժամանակավորապես որոշակի լուծումներ առաջարկել, ինստիտուցիոնալ որևէ մեկը չի կարող», - ասաց Արփինե Հովհաննիսյանը:



XS
SM
MD
LG