Մատչելիության հղումներ

Ծեծկռտուք Ջրաշենի դպրոցում. տնօրենը հերքում է դեպքը թաքցնելու ոստիկանության պնդումները

Լոռու մարզի Ջրաշեն գյուղի դպրոցի տնօրեն Արմինե Մխիթարյանը հերքում է Ոստիկանության պնդումը, թե մանկավարժները թաքցրել են դպրոցում տեղի ունեցած ծեծկռտուքը։ Տնօրենը պնդում է՝ միջադեպից անմիջապես հետո կապ են հաստատել ծնողների ու շտապօգնության հետ։

«Եթե զանգել ենք ծնողներին, եթե զանգել ենք պոլիկլինիկա, եթե երեխային ուղարկել ենք շտապօգնություն, որևէ բան թաքցնելու միտում միանշանակ չենք ունեցել», - ասաց տնօրենը:

Երկու օր առաջ Ջրաշենի դպրոցից Սպիտակի հիվանդանոց էր տեղափոխվել 13-ամյա մի պատանի՝ միջին ծանրության վնասվածքներով: Տեղում ախտորոշել են գլխուղեղի ցնցում և ակնակապիճի ոսկորների կոտրվածք ու տեղափոխել Երևանի մասնագիտացված հիվանդանոց, ասաց Սպիտակի բժշկական կենտրոնի նյարդաբան Հասմիկ Բունիաթյանը:

«Վիրահատություն չի կատարվել, երեխան ադեկվատ է եղել, գիտակցությունը տեղն է եղել, գիտակցության կորուստ ունեցել է միայն, իր ծնողների ասելով, դպրոցում, դեպքից հետո անմիջապես, բայց մեր մոտ բերվել է գիտակից, հարցերին պատասխանել է ադեկվատ, ունեցել է սուր ցավեր, մի քիչ էլ շշմածություն, քթից արյունահոսություն էր ունեցել դպրոցում», - ներկայացրեց բժիշկը:

Ըստ իրավապահների՝ տղային ծեծել են համադասարանցիները, իսկ դպրոցի անձնակազմը լռել է դեպքի մասին։ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այսօր հայտարարեց, որ միջնորդագիր կուղարկի կրթության և գիտության նախարարին՝ պարզելու, թե ինչու ուսումնական հաստատությունը դեպքի մասին չի տեղեկացրել Ոստիկանությանը։

«Եթե կան այնպիսի իրավիճակներ, երբ ուսումնական հաստատությունը չի տեղեկացնում իրավապահ համակարգին դեպքի մասին, սա ոչ թե պիտի գովաբանենք, ասենք, որ շատ լավ է, պետք չի բարձրաձայնել, այլ հակառակը՝ պետք է ռեակցիա լինի», - ասաց Արփինե Սարգսյանը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու, ինչպես նաև երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հոդվածներով։

Տնօրենը խուսափում է մանրամասներից՝ նշելով, որ դպրոցի անձնակազմի մեղքի բաժինը պետք է պարզեն իրավապահները։ Քննությունը դեռ պետք է հստակեցնի՝ արդյոք պատանուն ծեծել է մեկ, թե երեք համադասարանցի, և որն է եղել ուսուցիչների պատասխանատվությունը։

Մինչ տուժած երեխան բուժումը շարունակում է Երևանում, ու երկուշաբթի կվիրահատեն վնասված աչքը, նրա մայրը, ի տարբերություն իրավապահների, դժգոհություն չունի դպրոցի անձնակազմից. «Ես ընդհանրապես տնօրենի կամ ուսուցիչների դեմ բողոք չունեմ, իրենցից շատ գոհ եմ, իրենց աջակցելու, հետաքրքրվելու... ինձ պետք է, որ տվյալ պահին ծնողն իր երեխայով պատասխան տա»:

Ջրաշենում ևս բնակիչները հակված չեն մեղադրել մանկավարժներին։ Գյուղացիների մի մասը խուսափում է խոսել, իսկ մյուսները կարծում են, որ խնդրի արմատները պետք է ընտանիքներում փնտրել։

Այս պահին գործով մեղադրյալներ կամ պաշտոնանկություններ չկան։ Լոռու մարզպետարանից հայտնում են, որ սպասում են տնօրենի բացատրագրին ու նախաքննության ավարտին՝ հետագա քայլերը որոշելու համար։



XS
SM
MD
LG