Մատչելիության հղումներ

Ծեծկռտուք՝ Չարենցավանի դատարանում. 28 մարդ ձերբակալվել է

Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Չարենցավանի դատարանում երեկ ամբաստանյալի և տուժողի հարազատների միջև տեղի ունեցած ծեծկռտուքից հետո 28 մարդ է ձերբակալվել: Դատական դեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Ծովինար Խաչատրյանն «Ազատությանը» փոխանցեց՝ դատական կարգադրիչը գլխի վնասվածք է ստացել, նրան տեղափոխել են հիվանդանոց:

«Ծեծկռտուքը տեղի է ունեցել հենց նիստերի դահլիճում, նիստը սկսելուց րոպեներ անց: Թե ինչ է տեղի ունեցել, մանրամասներին չեմ տիրապետում, ձեր զանգից րոպեներ առաջ խոսել եմ մեր կարգադրիչներից Վարդանի հետ, ում ամենածանր բեռն էր բաժին հասել այդ ծեծկռտուքից, նա գլխի վնասվածք էր ստացել: Իրեն լավ է զգում, ասաց՝ ուղղակի աշխատանքի չի ներկայացել, բայց լավ է զգում», - ներկայացրեց Խաչատրյանը:

Չարենցավանի դատարանում երեկ պետք է մեկնարկեր նախորդ տարի Աբովյանում օրը ցերեկով, հանրային կանգառում դանակահարված ու սպանված 24-ամյա Սարգիս Զեյնալյանի գործով դատական նիստը։

«Երկու կողմերում էլ լարվածություն կար, քանի որ սա սպանությունից հետո առաջին դատական նիստն էր», - «Ազատությանը» պատմեց նիստին ներկա, սակայն ներկայանալ չցանկացող անձը:

Նրա խոսքով՝ վեճը հրահրել են, սպանության մեջ մեղադրվող երկու եղբայրները՝ ինչ-որ արտահայտություն անելով, բայց թե ինչ են ասել, մեր զրուցակիցը չի լսել։ Նրա փոխանցմամբ՝ 28 ձերբակալվածների մեծ մասը տուժողի հարազատներն են։

«Իսկ հայտնի՞ է, թե ինչով են հարվածել դատական կարգադրիչին, ինչի հետևանքով նա գլխի բաց վնասվածք է ստացել։ Մինչ դատարան մտնելը չի՞ ստուգվում, որ ներկաներն արգելված իրեր ներս չտանեն», - հարցրինք դատական դատպարտամենտի խոսնակից:

«Որևէ արգելված իր դատարանի նիստերի դահլիճում չի եղել, զերծ կմնամ որևէ մեկնաբանությունից, սակայն նշեմ, որ սեղանին, օրինակ, եղել են փաստաթղթեր, խոսափող, մնացածը թողնում եմ արդեն ունկնդիրների դատին», - պատասխանեց Ծովինար Խաչատրյանը:

Նիստերի դահլիճում սկսված ծեծկռտուքի ընթացքում վնասվել է նաև դահլիճի գույքը, մի մասը կոտրվել է։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանության և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հոդվածներով։ 28 ձերբակալվածներից որևէ մեկն այս պահին կալանավորված չէ:

Հարցին՝ «իսկ ինչպե՞ս են կարգադրիչների ներկայությամբ կրքերն այնքան թեժացել, որ բանը հասել է ծեծկռտուքի, կարգադրիչների թիվը բավարար չի՞ եղել, որ վեճը կանխվեր», Ծովինար Խաչատրյանը պատասխանեց. «Կարգադրիչների թիվը եղել է համապատասխան նմանատիպ նիստին՝ սպանության գործ, բավականին զգայում թեմա, ուստի նաև ուժեղացված ծառայություն է եղել դահլիճում: Երբ որ վիճաբանությունը տեղի է ունեցել, նրանք կարողացել են նիստերի դահլիճից հանել, մեկուսացնել նստած մարդկանց, որոնց թիվը գերազանցել է 2 տասնյակը»:

24-ամյա երիտասարդի սպանության մեջ մեղադրվողները Բենիամին և Աշոտ Սոխրաբյան եղբայրներն են: Այդ օրերին համացանցում տարածված տեսանյութում երևում էր, թե ինչպես է մի տղամարդ թիկունքից մոտենում է Զեյնալյանին և խոհանոցային դանակով մի քանի հարված հասցնում։ Դանակահարված երիտասարդը դուրս է գալիս ճանապարհ, ընկում, հետո կանգնում ու վայրկյաններ անց գիտակցությունը կորցնում և նորից վայր ընկնում: Արդեն հիվանդանոցում արձանագրվում է նրա մահը։ Ականատեսներն են փորձել վեճը բաժանել, հետո սպասել են շտապօգնությանը:

Ողջ օրվա ընթացքում «Ազատությանը» չհաջողվեց կապ հաստատել ամբաստանյալների և տուժողի ներկայացուցիչների հետ: Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ շուրջ 5 ամիս առաջ սպանված երիտասարդ Սարգիս Զեյնալյանը ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանի հորեղբոր թոռն էր։ «Ազատության» տեղեկություններով՝ Արտակ Զեյնալյանի հորեղբայրը նույնպես ձերբակալվածների շարքում է: Քննչական կոմիտեից այս լուրը ոչ հերքեցին, ոչ էլ հաստատեցին:




Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG