Մատչելիության հղումներ

Թրամփը Պենտագոնին հանձնարարել է կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին Պենտագոնին հանձնարարել է «էապես կրճատել» Հարավային Կորեայի հետ համատեղ անցկացվող ռազմական զորավարժությունները՝ որպես պատճառ նշելով այդ զորավարժությունների բարձր արժեքը և Սեուլի՝ Իրանի դեմ գործողություններին մասնակցելուց հրաժարվելը։

Զորավարժությունների մեկնարկից ընդամենը մի քանի ժամ առաջ Թրամփն իր Truth Social էջում գրել է, որ «դժգոհ է», որ ԱՄՆ-ն համաձայնել է մասնակցել դրանց։ Նա նաև ընդգծել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ իր «շատ լավ հարաբերությունները»։

«Այս զորավարժությունները ոչ միայն ծախսատար են..., այլև ազդանշան են ուղարկում, որը լիովին անտեղի և թշնամական է մի երկրի նկատմամբ, որը, քանի դեռ Դոնալդ Ջ. Թրամփը նախագահ է, իրեն պահել է առանց սպառնալիքների և հարգալից կերպով», - գրել է Թրամփը։

Ամենամյա ռազմական զորավարժությունները նախատեսված են անցկացնել մինչև օգոստոսի 27-ը։ Դրանց մասնակցում է մոտ 18,000 հարավկորեացի զինծառայող։

Հարավային Կորեայի Զինված ուժերի միացյալ շտաբը Reuters-ին հայտնել է, որ զորավարժությունները երկուշաբթի օրը սկսվել են նախատեսված ժամանակացույցի համաձայն։

Թրամփի այն պնդմանը, թե նախագահ Լի Ջե Մյոնգը հրաժարվել է միանալ Իրանի ապամիջուկայնացմանն ուղղված ԱՄՆ-ի ջանքերին, Հարավային Կորեան պատասխանել է, որ Սեուլը քննարկում է հնարավոր ռազմական ներդրումը՝ միաժամանակ հաշվի առնելով Կորեական թերակղզում իր պաշտպանական պատրաստվածությունը և երկրի ներսում գործող իրավական ընթացակարգերը։

XS
SM
MD
LG