Մատչելիության հղումներ

Թրամփի հատուկ բանագնացներ Քուշները և Ուիթքոֆը կմեկնեն Դոհա՝ Իրանի հետ հանդիպման

Լրացված

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հարցով հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի օրը Դոհայում՝ առանց լրացուցիչ մանրամասներ հաղորդելու։

«Իրանը հանդիպում է խնդրել։ Այն տեղի կունենա վաղը Դոհայում», - սոցիալական ցանցերում մեծատառերով այսօր գրել է նախագահ Թրամփը:

Րոպեներ անց Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթը հայտնեց, որ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները երեքշաբթի օրը Դոհայում կմասնակցեն Իրանի հետ հանդիպմանը:

«Հատուկ բանագնաց Ուիթքոֆը և Ջարեդ Քուշներն այս շաբաթ կմեկնեն Դոհա՝ բարձր մակարդակի հանդիպումների, քանի որ մենք շարունակում ենք քննարկել փոխըմբռնման հուշագիրը։ Այդ բարձր մակարդակի բանակցությունների շրջանակում կլինեն նաև տեխնիկական բանակցություններ», - Fox News-ին տված հարցազրույցում ասել է Սպիտակ տան խոսնակը:

Ավելի վաղ «Ազատությանը» ամերիկացի պաշտոնյան հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել դադարեցնել փոխադարձ հարձակումները, կրկին հանդիպել՝ բանակցելու, ինչպես նաև թույլ տալ նավերի անվտանգ տեղաշարժը Հորմուզի նեղուցով.

«Տեխնիկական բանակցությունները նախատեսվում են շարունակել [փոխըմբռնման հուշագրի] բոլոր ուղղություններով։ Երկու կողմերն էլ առժամանակ կդադարեցնեն ռազմական գործողությունները, և նավերը կարող են ազատորեն տեղաշարժվել [նեղուցով]», - նախօրեին ուշ երեկոյան հայտնել է պաշտոնյան։

Reuters-ի աղբյուրն էլ հաղորդել էր, որ տեխնիկական հարցերով խմբերի հանդիպումը տեղի կունենա առաջիկա օրերին՝ Դոհայում:

Այսօր, սակայն, «Թասնիմ» լրատվական գործակալությունը հաղորդեց՝ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Իրան-ԱՄՆ փոխըմբռնման հուշագրի շրջանակում տեխնիկական աշխատանքային խմբի հանդիպումներն այս շաբաթ նախատեսված չեն:

XS
SM
MD
LG