ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լրջորեն քննարկում է ՆԱՏՕ-ից Միացյալ Նահանգների դուրս գալը: Սա այն բանից հետո, երբ դաշնակիցները չեն աջակցել Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողություններին, հաղորդում է բրիտանական Daily Telegraph-ը:
Թերթի փոխանցմամբ՝ Թրամփն ասել է, որ երկար ժամանակ կասկածներ է ունեցել ՆԱՏՕ-ի հեղինակության վերաբերյալ։
«Այո՛, ես կասեի՝ [դա] վերանայման ենթակա չէ», - թերթին ասել է ԱՄՆ նախագահը, երբ նրան հարցրել են, թե արդյոք հակամարտությունից հետո նա կվերանայի՞ ԱՄՆ-ի անդամակցությունը դաշինքին:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ ասել է, որ Իրանի պատերազմից հետո ԱՄՆ-ն ստիպված կլինի վերանայել ՆԱՏՕ-ի հետ իր հարաբերությունները, քանզի դաշնակիցներն ԱՄՆ-ին չեն աջակցում Իրանի դեմ պատերազմում.
«Կարծում եմ՝ անկասկած, ցավոք, այս հակամարտության ավարտից հետո մենք ստիպված կլինենք վերանայել այդ հարաբերությունները: Մենք ստիպված կլինենք վերանայել ՆԱՏՕ-ի և այս դաշինքի արժեքը մեր երկրի համար։ Վերջին հաշվով, դա նախագահը պետք է որոշի»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: