ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եվրոպական երկրները պետք է Վաշինգտոնին 350 միլիարդ դոլար փոխհատուցեն, որը, նրա խոսքով, ծախսվել է Ուկրաինային աջակցելու համար Ջո Բայդենի վարչակազմի օրոք։
Էնդրյուսի ռազմաօդային բազայում ելույթի ընթացքում Թրամփը նշել է, որ եվրոպացի առաջնորդներին հիշեցրել է Կիևին ցուցաբերված ամերիկյան աջակցության ծավալների մասին։
«Մենք ձեզ տվել ենք, պատկերացրեք, 350 միլիարդ դոլար՝ ինքնաթիռների, բոլոր տեսակի զենքերի և այլ միջոցների տեսքով»,- ասել է նա։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Բայդենի վարչակազմը եվրոպացի դաշնակիցներից չի պահանջել փոխհատուցել այդ ծախսերը։
Թրամփը կրկին քննադատել է Ուկրաինային տրամադրված օգնության ծավալների վերաբերյալ այն գնահատականները, որոնք նախկինում ներկայացրել էին իր նախորդներն ու ԱՄՆ դաշնակիցները։
2025թ. փետրվարին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վիճարկել էր Թրամփի հայտարարությունները, ըստ որոնց՝ ԱՄՆ-ի օգնությունը գերազանցել է 300 միլիարդ դոլարը։ Զելենսկու խոսքով՝ իրական ծավալները զգալիորեն ավելի փոքր էին։
2025-ի նոյեմբերից ԱՄՆ-ը պաշտոնապես դադարեցրել է Ուկրաինային աջակցության ուղղակի ֆինանսավորումը, սակայն շարունակում է սպառազինություն մատակարարել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որոնք այնուհետև այն փոխանցում են Կիևին: